Այսօր «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովի մասնակիցների ուշադրությունը նաև ԼԳՏԲ համայնքի խնդիրների վրա հրավիրելու ակցիան արհեստական, բայց լավ կազմակերպված էր:

 

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Կոմիտաս վարդապետ Հովնանյանը, ով նաև անհասկանալի է համարում, թե ինչու պետք է Եվրոպան մեզ այդ հարցով հանձնարարականներ իջեցնի:

 

«Ես ուզում եմ բարոյական Եվրոպա ընդունել և նրանից բարոյականություն վերցնել և ոչ պրակտոլոգիական խնդիրներով ձևավորված Եվրոպայի գաղափար ընդունել: Արևմուտքը փոխանակ մտածի՝ ինչպես անի, որ Թուրքիայի և Արևմուտքի կողմից Հայաստանի բլոկադան վերացնի, չգիտեմ ինչու զբաղվում է միայն մեր նստատեղի պրոբլեմներով»,- ասաց Կոմիտաս վարդապետը:

 

Վերջինս հայտարարեց, թե Ուկրաինայից Հայաստան է եկել աղանդ՝ «Քրիստոնյաների միջազային ընտանիք» անվամբ, որը թեև գրանցված չէ դեռ, բայց նկատի ունենալով, «թե ինչ քարոզիչներ կան այսօր», վստահ է, որ ապագայում կգրանցվի:

 


Իսկ այդ աղանդը, ըստ Կոմիտաս վարդապետի, քարոզում է ինցեստ՝ արյունապղծություն, պեդոֆիլիա և միասեռականություն:

 

Հիշեցնենք, որ այսօր համաժողովին ներկա էին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը և Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդը, երբ ցուցարարները, ներխուժելով դահլիճ, եվրոպացիներին պարզեցին կարգախոսներ և այն պաշտոնյաների նկարները, որոնց մեղադրում են միասեռականության և խոսքի ազատության նկատմամբ ոչ հանդուրժող վերաբերմունքի մեջ:

 

Կոնկրետ այսօրվա ակցիայի նպատակի՝ այս խնդիրների բարձրաձայնման խնդիրն անհասկանալի է հոգևորականի համար, ով արձանագրեց. «Այսինքն՝ միասեռականները կանգնած են Կոմայգու առջև, իրենց պրոպագանդան և իրենց գործընթացն իրականացնում են իրենց ուզածի նման: Այլևս ինչի՞ մասին է խոսքը: Որ մենք է՞լ դառնանք այնպիսին, որպիսին այսօր ձևավորվում է Ուկրաինայից եկած ինչ-որ մի աղանդ, որ ինցե՞ստը մտնի մեր մեջ, որ տղան մոր հետ շնանա, հայրը՝ աղջկա հետ շնանա, եղբայրը քրոջ հետ շնանա, որպեսզի եվրոպական արժեք կրո՞ղ դառնանք»:

 

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Մամիկոն Հովսեփյանը՝ ակցիայի կազմակերպիչներից մեկը, դիտարկմանը, որ այն արհեստական էր, նաև, որովհետև մեր հասարակությունում շատ սոցիալական խմբերի իրավունքներն են ոտնահարվում, ասաց. «Հասարակությունը ամեն ոլորտում էլ խտրականության ենթարկվում է, և շատ-շատերն են դառնում էդ խտրականության զոհ, բայց ԼԳՏԲ համայնքը ամենախոցելին է, ինչպես ցույց են տալիս թե՛ տեղական, և թե՛ միջազգային ուսումնասիրությունները: Ու նաև պարզ աչքով կարելի է տեսնել, օրինակ՝ առաջին օմբուդսմենը, որն ասում էր՝ «մարդու իրավունքները մի կողմ, սեռական փոքրամասնություններինը՝ մի կողմ»: Ճնշումներ, ֆիզիկական և հոգեբանական բռնություն, էս ամենը ինչ շատ խորացված է կոնկրետ ԼԳՏԲ համայնքի հանդեպ: Հետևաբար, դա այն խնդիրն է, որը հրատապ լուծման կարիք ունի»:

 

Ի պատասխան դիտարկման, որ ԼԳՏՊ համայնքին ոչ ոք չի կարողանում վտարել Կոմայգուց, Մամիկոն Հովսեփյանն առաջարկեց Կոմայգում հավաքվող մոտ տասը-տասնհինգ մարմնավաճառներին չվերագրել ԼԳՏԲ համայնքին: Ինչ վերաբերում է այն տեղեկատվությանը, որ ըստ մամուլի բազմաթիվ հրապարակումների՝ Կոմայգում հավաքվող մարմնավաճառների դեմ պայքարել են բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց չի հաջողվել այգուց վտարել այս խմբի հետևում կանգնած այլ բարձրաստիճան պաշտոնյաների պատճառով, սեռական փոքրամասնությունների հիմնախնդիրներով զբաղվող իրավապաշտպանը նման խոսակցությունները որակեց «միֆեր»:

 

«Եթե իրականությունը ուզում եք իմանալ, նրանք ամեն օր բռնության են ենթարկվում: Ինչ վերաբերում է այն փաստին, որ այդտեղ են հավաքվում, իրենց ելքը դա է, որովհետև ոչ մի տեղ աշխատանքի չեն վերցնում: Իսկ ինչ վերաբերում է՝ ինչին են նրանք էնտեղ, նույն ձևով կին մարմնավաճառներն են հավաքվում ուրիշ վայրերում»:

 

Մամիկոն Հովսեփյանը նշեց, որ եղել են բողոքներ, որ երբ նրանց մասին իմացել են, աշխատանքից ազատել են (խոսքը տրանսֆեստիտ միասեռականների մասին է):

 

«Կամ, երբ աշխատանքի ընդունվելիս են եղել, զգացել են, որ դեմը կարծրատիպային մաչո տղամարդը չի նստած, քյառթավարի»,-ասաց Մամիկոն Հովսեփյանը: