Հայ քաղաքական դաշտը հերթական թամաշայի կիզակետում է: Հայաստանում վաղուց արդեն քաղաքական պրոցեսները բացակայում են, դրանց փոխարեն առանցքայինը քաղաքական առաջնորդների հայհոյանքներն ու դրանց հակադարձումներն են: Երկրի կառավարման հիմնաքարը՝ հաց և տեսարաններ բանաձևը, անշեղորեն իրականացվում է, և իշխանահաճո ու այլընտրանք կոչվող խաղացողները հարմարավետ կերպով տեղավորվել են այդ տրամաբանության մեջ:
Երեկ լրատվամիջոցները տեղեկացրել էին, որ երեկոյան Բրյուսելից Երևան ժամանող Սերժ Սարգսյանին դիմավորելու համար «Զվարթնոց» օդանավակայանում են գտնվել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ: Նրան դիմավորողների մեջ են եղել վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը և այլոք: Օդանավի վայրէջքից մոտ կես ժամ առաջ փողոցային ամենավերջին հայհոյանքներով իրար հետ վեճի են բռնվել Արթուր Բաղդասարյանն ու Գագիկ Ծառուկյանը: Ներկաներին հաջողվել է այդ պահին իրարից անջատել կողմերին, սակայն թամաշան ամբողջական չէր լինի, եթե միմյանց նկատմամբ զզվանքը երկու գործիչները չներմուծեին ֆեյսբուքյան քննարկումների դաշտ: Ի պատասխան «Ես զզվում եմ Արթուր Բաղդասարյանից» ֆեյսբուքյան էջի, որը, ամենայն հավանականությամբ, ԲՀԿ-ական ակտիվի ձեռքի գործն է, ՕԵԿ ակտիվը բացել է նոր էջ՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի՝ «Գագիկ Ծառուկյան բռնաբար»:
Մինչև երկու գործիչների «տղամարդավարի» խոսակցությունը՝ կարծես թե ամեն ինչ նորմալ էր: Երկիրը ծաղկում էր Սերժ Ազատիչի պայծառ հովանու ներքո, արևը ծագում էր Արևելքից, մայր էր մտնում Արևմուտքում: Երկու կուսակցությունների ակտիվները սիրում էին զմիմյանս, որևէ կշտամբանք, հղում առաջնորդների անցյալին, գոյություն չուներ:
Բայց իրար նկատմամբ հայհոյանքներ տեղալուց հետո արևը մռայլվեց: ԲՀԿ-ի ակտիվները հիշեցին, որ Արթուր Բաղդասարյանը հոգով «այլընտրանքային» է, իսկ ՕԵԿ-ը չմոռացավ Ծառուկյանի մութ անցյալը: Եվ կրկին պետության մեջ առանցքային դեր ունեցող մարդիկ սկսեցին առաջնորդվել բնազդներով՝ մոռանալով, թե ինչքան էին իրար սիրում, երբ դեռ մեկը մյուսի ոտքը թեթևակի չէր տրորել: Իսկ ինչու՞ ճշմարտության ջատագովները չէին հիշում անցյալը, երբ օգտվում էին նույն կերակրատաշտից: Կամ ԲՀԿ-ն, չլինելով իշխանության մեջ, ինչու՞ էր մոռացել ԱԽՔ-ի բարոյական արատները…
Այս պահին նրանց փոխադարձ կոմպրոմատային պատերազմը հասել է այն աստիճանի, որ ոմանք արդեն արյան հոտ են առնում այս պատմությունից...
Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը այս պահին ծանր երկընտրանքի առաջ է կանգնած: Կրքերը այն աստիճանի են թեժացել, որ այս պարագայում «և՛-և՛» սկզբունք չի կարող լինել: Իսկ «կա՛մ-կա՛մ»-ի դեպքում ում կտա նախապատվությունը՝ Սերժ Սարգսյանը դեռ որոշում է: