ՀՀ կառավարությունը բնապահպանական և առողջապահական բավական լուրջ խնդրի' օդի աղտոտման, լուծման հեշտ տարբերակ է գտել: Որոշել է բարձրացնել աղտոտման թույլատրելի սահմանը: Այս դեպքում թույլատրելի չափաքանակի գերազանցումն արդեն որպես խախտում չի ընկալվի:

 

Նման որոշում է ներկայացված և, ամենայն հավանականությամբ, կառավարության հավանությանը կարժանանա գործադրի առաջիկա' հոկտեմբերի 23-ի նիստում:

 

Բնապահպանության նախարարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել կառավարության' 2006 թվականի փետրվարի 2-ի N160-Ն որոշման մեջ, որով կսահմանվեն արտանետվող որոշ վնասակար նյութերի սահմանային թույլատրելի խտությունների նոր արժեքներ:

 

Սակայն նախագծից պարզ է դառնում, որ խոսքը հիմնականում ազոտի երկօքսիդի մասին է: Եթե մինչև հիմա քիմիական վտանգավոր այս միացության թույլատրելի խտությունը մթնոլորտում համարվում էր 0.085 մգ/մ3-ը, ապա նոր որոշմամբ՝ այն շուրջ 2.3 անգամ ավելացվելու է՝ հասցվելով 0.2 մգ/մ3-ի:

 

Ի դեպ, նախագծի հեղինակները, դարձյալ վկայակոչում են ռուսաստանյան փորձը, քանի որ այնտեղ այս չափորոշիչն է գործում դեռևս 2010թվականից:

 

Ու թեև, մեր բնապահպանության նախարարությունը 3 տարի ուշացումով է որոշել հետևել այս ոչ այնքան լավ օրինակին, բայց մի քայլ, այնուամենայնիվ առաջ է անցել: Բացի այն, որ որոշվել է աղտոտման թույլատրելի քանակն 2 անգամ ավելացնել, որոշվել է նաև նվազեցնել ազոտի երկօքսիդի վտանգավորության աստիճանը: Այսինքն՝ եթե մինչև հիմա այն ամրագրված էր որպես 2-րդ աստիճանի վտանգավորության նյութ, ապա առաջարկվող փոփոխությունից հետո դասվելու է արդեն 3-րդ աստիճանի վտանգավոր նյութերի շարքին: Նշենք, որ ՌԴ-ում գործող կարգով՝ ազոտի երկօքսիդը դեռ 2-րդ աստիճանի վտանգավոր նյութերի շարքում է:

 

Ի դեպ, նշենք, որ Առողջապահության միջազգային կազմակերպության տվյալներով՝ ազոտի երկօքսիդի 0.2 մգ/մ3 առկայությունը մթնոլորտում համարվում է առավելագույն թույլատրելի սահմանը, և չպետք է գերազանցվի տարվա մեջ 18 անգամից ավելի:

 

Մինչդեռ, մեր հանրապետության տարածքում կատարվող ուսումնասիրությունները պարբերաբար թույլատրելի քանակի գերազանցում են արձանագրում: Օրինակ, Երևանում մթնոլորտային օդի փորձանմուշներում ավտոմատ կայանների միջոցով որոշվող ազոտի օքսիդի միջին ամսական կոնցենտրացիան, որպես կանոն, ՍԹԿ-ն գերազանցում է միջինը 1.3 անգամ:

 

Հիշեցնենք, որ որ Առողջապահության միջազգային կազմակերպության տվյալներով՝ ազոտի երկօքսիդը մարդու առղջության վրա ներգործում է աննկատ կերպով: Դրա 0.14 մգ/մ3 քանակը ունակ է ազդել մարդու տեսողական օրգանների վրա, 0.056 մգ/մ3-ը դժվարացնում է մարդու շնչառությունը: Իսկ ավելի մեծ քանակությունը, թափանցելով օրգանիզմ, արդեն քայքայում է մարդու շնչառական և արյունատար օրգանները:

 

Եվ չնայած դրան՝ մեր կառավարությունը որոշել է ավելացնել այս բավական վտանգավոր նյութի թույլատրելի քանակությունը օդում՝ միաժամանակ առանց հիմնավորման նվազեցնելով դրա վտանգավորության աստիճանը:

 

Թերևս ներկա պայմաններում, երբ կանաչ զանգվածը օրեցօր նվազում է, իսկ աղտոտումն ավելանում, ներկայացվող ցուցանիշները բարելավելու, բնապահպանական խնդիրները լուծելու կառավարության գտած միակ տարբերակը սա է:

 

 

 

 







«Փաստինֆո»