Մինսկում վաղը կայնաալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի գագաթնաժողովին ընդառաջ Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը պատասխանել է Հայաստանի ՝ Մաքսային միությանն ու Եվրոպական միությանն անդամակցելու Tert.am-ի հարցերին:
-Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Հայաստանը ոչ մի կերպ չի կարող միանալ Մաքսային միությանը ոչ այս, ոչ էլ առաջիկա երկու տարիների ընթացքում: Արդյոք դա Հայաստանին Ռուսաստանի կողմից ուղղված «մեսիջ» չէ՞:
-Նախ ստիպված եմ Ձեզ հիասթափեցնել. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ընդամենն ասել է, որ Մաքսային Միության լիիրավ անդամ դառնալու համար Հայաստանին անհրաժեշտ կլինի միանալ բոլոր այն նորմատիվային փաստաթղթերին ու համաձայնագրերին, որոնք արդեն ընդունվել են Մաքսային միությանն անդամակցող երկրների կողմից. հետևապես, դա մեկ կամ երկու օրվա գործ չէ ու կպահանջի որոշակի ժամանակ: Նա չի կոնկրետացրել, թե որքան ժամանակ կարող է պահանջվել դրա համար: Համաձայնեք, որ Լուկաշենկոն չի էլ կարող ասել, թե որքան ժամանակ կպահանջվի մեր Ազգային ժողովին՝ քննարկելու և վավերացնելու համար թվով մոտավորապես հիսուն համաձայնագրերը, որոնց Հայաստանը պետք է միանա Մաքսային միությանն անդամակցելու ճանապարհին: Հովիկ Աբրահամյանի և մեր ԱԺ աշխատանքի արդյունավետությունը չի կարող երաշխավորել նույնիսկ ինքը՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, ուր մնաց դա անի Բելառուսի նախագահը: Այնպես որ, Ալեքսանդր Լուկաշենկոն միանգամայն արդարացի չի նշում կոնկրետ ժամկետներ, այլ պարզապես արձանագրում է, որ Հայաստանը պարտավոր է նախապատրաստվել անդամակցությանը՝ պարտադիր միանալով բոլոր այն համաձայնագրերին, որոնք նախորդ տարիներին արդեն ընդունվել են Մաքսային Միությանն անդամակցող Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կողմից։
Ինչ վերաբերում է Ալեքսանդր Լուկաշենկոյի կարծիքին, որը նա արտահայտել է լրագրողների հետ շփման ժամանակ, որպես Ռուսաստանի կողմից արված «մեսիջ» ընկալելուն, ապա միանգամից ասեմ, որ այդպիսի ընկալումը խաբուսիկ է և մերկապարանոց: Միամտություն է կարծել, որ Ռուսաստանը Հայաստանի հետ «մեսիջներով» շփվելու խնդիր ունի: Հայաստանը գոնե առայժմ Ռուսաստանի համար Վրաստան չէ և միջնորդավորված, այն էլ այլ պետության ղեկավարի միջոցով չէ որ Ռուսաստանը շփվում է Հայաստանի հետ. կապերը չափազանց ինտենսիվ են և պետք է առաջիկայում դառնան ավելի արդյունավետ:
-ՀՀ Էկոնոմիկայի նախարարը հույս է հայտնել, որ Վիլնյուսում կստորագրվի ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակն արձանագրող փաստաթուղթ, բայց անունը դեռ չի ասում: Այդ մասին կարծիքներ են հնչել, թե կարող է այդ փաստաթղթի անունը նաև դրվել «Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ»: Դուք ի՞նչ կարծիք ունեք այդ մասին:
-Հաստատ Ձեր ասածն ամանորյա հումոր չէ, այլ ավելի շուտ սև հումոր: Ի վերջո, Եվրամիության հետ չորսամյա աշխատանքը չի կարելի վերածել զավեշտի: Այդ աշխատանքով զբաղված չինովնիկների վարձատրության համար ահռելի գումարներ են ծախսվել: Այդ թվում նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության չինովնիկների և մասնագետների համար: Ինչ-որ ձևով նրանք պետք է արդարացնեն այդ ծախսերը: Հաստատ այդպիսի արդարացումներ չեն կարող լինել ամանորյա «չորուցամաք» շնորհավորանքները: Պետք է մտածել մեր ժողովրդի ամանորյա սեղանը ուտեստներով ապահովելու մասին. սա է էկոնոմիկայի նախարարության գործը, որը, ավաղ, առաջ չի գնում:
-Հայաստանի համար երկու կողմերի դիրքորոշումներն ի՞նչ են նշանակում. արդյոք դրանք ճնշումներ չե՞ն և եթե այո, ապա ինչի՞արդյունք են:
-Նախ, ես չեմ հասկանում, թե ինչ է ասել «ճնշում»: Եթե, օրինակ, գազի տեսուչը քեզ զգուշացնում է, որ գազի օգտագործման կանոնները չապահովելու դեպքում քո գազը կանջատվի, դա ցանկության դեպքում կարելի է ներկայացնել որպես «ճնշում», բայց ցանկության դեպքում՝ որպես հոգատարություն քո անվտանգության ապահովման հարցում:
Ամեն ինչ կախված է հարցի դիտարկման դիտանկյունից: Իսկ այդ դիտանկյունն ավտորիտար եղանակով կառավարվող պետություններում որոշում է առաջին դեմքը՝ նախագահը: Դրա համար ես չեմ զարմանում, որ այն նույն պաշտոնյաները, ովքեր մինչև սեպտեմբերի 3-ը հայտարարում էին, որ երբեք, ոչ մի դեպքում չեն ենթարկվի «ճնշումներին» և չեն անդամակցի Մաքսային միությանը, սեպտեմբերի 3-ից հետո հայտարարեցին, թե երկար մտորումներից հետո համոզվեցին Մաքսային միությանն անդամակցելու առավելությունների հարցում: