Այսօր պաշտոնից ազատվել է ՀՀ Շիրակի մարզի դատախազ Կարեն Շահբազյանը: Նա aravot.am-ի հետ զրույցում ասել է, որ ազատվել է աշխատանքից իր խնդրանքով, որպեսզի մի քիչ զբաղվի իր առողջական խնդիրներով: «Մի քիչ պիտի հանգստանամ, առողջական որոշակի խնդիրներ ունեմ, ես երկար տարիներ աշխատել եմ առանց արձակուրդ գնալու:
Ես ինքս եմ խնդրել գլխավոր դատախազին, որ ընդառաջի ինձ , իսկ մնացած խոսակցություններընասեկոսեներ են: Գլխավոր դատախազը նման մոտեցում չունի, որ ազատվի նախորդ դատախազի կադրերից: Դրանք անհիմն խոսակցություններ են: Վստահ եմ, որ Շիրակի մարզի դատախազ կնշանակեն աշխատասեր անձնավորության: Իսկ ես առողջանալուց հետո բնականաբար իմ ուժերը կծառայեցնեմ պետությանը, իմ հայրենիքին, քանի որ պարտավորություններ ունեմ նրա նկատմամբ»,- ասել էպարոն Շահբազյանը:
Լրատվամիջոցի հարցին, թե որքանո՞վ են իրական այն խոսակցությունները, թե Կարեն Շահբազյանի եղբայրը Աղվան Հովսեփյանի եղբոր` Ռուբեն Հովսեփյանի փեսան է, նա ասել է, որ նման խնամիական կապ չկա, ուղղակի մարդիկ սիրում են վարկաբեկել:
«Կարեն Շահբազյանը ուղիղ 20 տարի աշխատել է դատախազական համակարգում, նա նախքան Գյումրի գալը՝ Լոռու մարզի դատախազն էր, և չնայած այս համակարգի փակ լինելուն' Կարեն Շահբազյանը միշտ պատրաստակամորեն էր աշխատում ԶԼՄ-ների հետ»,- գրում է կայքը: