Ավտովթարից տուժած և «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գտնվող արտիստ Վ. Պետրոսյանի ընտանիքը խորապես ցավում է մահացածների համար և ցավակցում է զոհվածների ընտանիքներին:
ԳԱԼԱ-ի հետ զրույցում դերասանի քույրը ասել է. «Արդեն երկու օր տեղներս չենք գտնում, մենք էլ խորապես ցավակցում ենք և հավասար տանջվում զոհվածների ընտանիքների հետ: Իմ եղբայրը դեռ չգիտի, որ մարդ է մահացել, նրան ոչինչ չենք ասել, որովհետեւ վիճակը ծանր է»: Աշխենը ասել է նաեւ, որ իրենք վիրավորված են այն հրապարակումներից, թե դերասանը հիվանդանոց տանելուց կատակել է. «Ինչ կատակել, ինչ բան, ինձ հետաքրքիր է՝ որտեղից է այդ ինֆորմացիան դուրս եկել, ով է նման բան ասել, սա չգիտեմ՝ ինչ էր: Նա ոնց կարող էր կատակած լինել, նրան կիսամեռ վիճակում են տեղափոխել:
Նույնիսկ չգիտի՝ ինչու է հիվանդանոցում, ինչ է կատարվել իր հետ, երբ և ինչպես... Ինչ կատակել... Նման լուրեր տարածելով` չեն էլ հասկացել՝ ինչ են արել: Դա ուղղակի սկանդալ է ու վերջ, դա չեն հասկանում, որ մարդկանց խելագարության են հասցրել և տրամադրել են եղբորս՝ Վարդանի դեմ: Չէ՞ որ կան զոհեր, մարդիկ են մահացել, իմ եղբայրն էլ կարող էր մահանալ... Ավելի լավ չէ՞ ոչինչ չգրեին: Նա ոչինչ չգիտի, անգամ չի իմացել ինչ է կատարվել, ոնց է կատարվել, նա անգամ հիշողություն չունի: Բառեր է փոխանակում, բայց նրան արգելում են, չի կարելի խոսել»,- ԳԱԼԱ-ին ասել է Աշխենը:
Վարդան Պետրոսյանի քույրն ասել է, որ եղբայրը գյուղից Երեւան գնալիս է եղել, երբ դեպքը պատահել է, բայց ոչ ոք չգիտի՝ ինչ է տեղի ունեցել. «Հիմա ոչինչ չգիտենք, ոչ ոք չգիտի՝մեքենան դիմացի՞ց է եկել բախվել, թե՞ կողքից վազանց է արել, չգիտենք ոչ մի բան: Իսկ Վարդանը սիստեմաների տակ է, անգամ ջուր չի խմում: Հիմա ինքը անշարժ պառկած է, ու դեռ շարունակելու է մնալ վերակենդանացման բաժանմունքում անհայտ ժամանակով»,- ասել է դերասանի քույրը: