Այսօր Երևանում մեկնարկեց Աղետների ռիսկի կառավարման ենթատարածաշրջանային աշխատաժողովը:

 

Այն կազմակերպվել է Եվրամիության «Արևելյան հարևանության աջակցություն նախաձեռնության շրջանակներում իրականացվող «Տեխնածին և տարերային աղետների կանխարգելում արձագանք և պատրաստվածություն» (PPRD East) ծրագրի շրջանակներում: Մասնակցում են փորձագետներ Իտալիայից, Բելառուսից, Մոլդովայից, Վրաստանից, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպություններից:

 

«Տեխնածին և տարերային աղետների կանխարգելում, արձագանք և պատրաստվածություն» (PPRD East) ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2011 թ.: Այն իրականացվում է նաև Ադրբեջանում, Բելառուսում, Վրաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում: Ծրագրի միջոցով իրականացվում է կադրերի վերապատրաստում, փորձագետների փոխանակում, ինչպես նաև կազմակերպվում ուսումնավարժություններ:
Նպատակն է երկրների տեխնածին և տարերային աղետներին պատրաստվածության բարձրացման միջոցով շրջակա միջավայրի, բնակչության, մշակութային ժառանգության, տարածաշրջանի ռեսուրսների և ենթակառուցվածքների պաշտպանությունը:

 

Աշխատաժողովի բացմանը ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Ն. Գրիգորյանը նշեց, որ մինչև վերջին ժամանակներն ընդունված էր հակազդել աղետներին, իսկ հիմա ավելի շատ աշխատանքեր են տարվում կանխարգելման ու պատրաստվածության ուղղությամբ:

 

Եվրոպական հանձնաժողովի ԱՌՆ հարցերով պատասխանատու Թոմա դե Լանուան, պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ այս բնագավառում հիմնական աշխատանքները պիտի ուղղված լինեն պատրաստվածության բարձրացմանը:

 

«Տեխնածին և տարերային աղետների կանխարգելում, արձագանք և պատրաստվածություն» (PPRD East) ծրագրի թիմի ղեկավար Սերգեյ Անագնոստին, հանգամանալից ներկայացնելով ծրագրի ընթացքում կատարված աշխատանքն ու հետագա քայլերը, ընդգծեց, որ Հայաստանն ընթանում է ճիշտ ճանապարհով՝ միաժամանակ աշխատանքներ տանելով թե պատրաստվածության, թե պլանավորման, թե կանխարգելման ոլորտներում:

 

Ծրագիրն իրականացվում է 4 հիմնական ուղղությամբ.

 

• ռիսկի գնահատում.

• աղետների կանխման նպատակով բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացում.

• Էկոլոգիական արտակարգ իրավիճակների կանխմանն ուղղված փոխգործակցություն.

• գործընկեր պետությունների բնակչության պաշտպանության ներուժի ամրապնդում:

 

Քննարկումների օգնությամբ կիրականացվի նաև ԱՌՆ ազգային պլատֆորմների գործունեության և ԱՌՆ ոլորտում ջանքերի համախմբման փորձի փոխանակում: Աշխատաժողովը կշարունակի իր աշխատանքը մինչև նոյեմբերի 7-ը: