ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 6-ին ստորագրել է հրամանագիր' Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում բարեգործական մի շարք ծրագրերի իրականացման համար ամերիկահայ բարերար Վարուժան Կյուրեղյանին «Երախտագիտություն» մեդալով պարգևատրվելու մասին։
Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Նույն օրը նախագահը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի' երաժշտարվեստի զարգացման բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար և ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբ անվանի քանոնահար, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասախոս, Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստուհի Անժելա Աթաբեկյանին շնորհվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում։
Նախագահի մեկ այլ հրամանագրով' երաժշտարվեստի զարգացման բնագավառում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար և ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվել անվանի դուդուկահար, Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի դասախոս, Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ Գեորգի Մինասովին։