Բեմադրիչ Մարատ Մարինոսյանը ծնվել է 1925 թ նոյեմբերի 7-ին, Երևանում: Ավարտել է Երևանի Մ.Գորկու անվան դպրոցը: 1942-44թթ, 17 տարեկան հասակում, կամավոր, մասնակցել է Հայրենական Մեծ պատերզմին: Արժանացել է «Կարմի աստղ» և «Հայրենական պատերազմի» շքանշանների: 1944թ., ծանր վիրավորվածություն ստանալուց հետո, զորացրվել է:
Նույն թվականին ընդունվել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական բաժին: 1945թ., կիսատ թողնելով ինստիտուտը, ընդունվել է Երևանի նորաբաց գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական բաժին: Ինստիտուտն ավարտելուց հետո, 1950թ-ից աշխատել է Երևանի Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում` որպես ռեժիսոր:
1956թ. հրավիրվել է աշխատելու Հայաստանի Ազգային հեռուստատեսություն' դառնալով հիմնադիրներից մեկը: Եղել է Հայաստանի Ազգային հեռուստատեսության առաջին գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր ռեժիսորը, 1966-71թթ' տնօրենը: 1972-80թթ եղել է Երևանի Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի, 1983-88թթ' Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր ռեժիսորը: Թատրոնում և հեռուստատեսությունում աշխատելու հետ զուգահեռ, 1963թ-ից դասավանդել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում, եղել է պրոֆեսոր:
Նրա արվեստանոցն են ավարտել ռեժիսորներ և դերասաններ' Արմեն Էլբակյանը, Վիգեն Ստեփանյանը, Նիկոլայ Ծատուրանը, Վիգեն Չալդրանյանը, Դավիթ Հակոբյանը, Արմեն Մազմանյանը, Հրաչյա Գասպարյանը, Հերբերտ Գասպարյանը, Քրիստ Մանարյանը և ուրիշներ:
Ստեղծագործական կյանքի ընթացքում բեմադրել է ավելի քան 120 ներկայացում թատրոնում, հեռուստատեսությունում, ռադիոյում: Նրա բեմադրություններից առավել աչքի են ընկել' «Լուսաբացը Մոսկվայում», «Պարտիզպանի շունը», «Փոքրիկ ողբերգությունները», «Մարդու ճակատագիրը», «Բոլորն իմ որդիներն են», «Երեքգրոշանոց օպերա», «Իմ չքնաղ լեդի», «Աստծո կողմից մոռացված հողը», «Ես և նա», «Տաքսի-տաքսի», «Ծուռ հայելիների թագավորություն», «Արշալույսներն այստեղ խաղաղ են», «Սկիզբը» և այլն: Արժանացել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը: Մահացել է Երևանում:
Մահացել է 1991 թ. մայիսի 18-ին:
avproduction.am