ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի համատեղ մամուլի ասուլիսի սղագրությունը
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկո
- Հարգելի գործընկերներ, մենք այսօր ստորագրել ենք Փոխգործակցության խորացման հուշագիր Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև ՝ այդպիսով իրականացնելով մեր չորս երկրների նախագահների որոշումները: Այդ հուշագրի գաղափարը բավական պարզ է, որպեսզի իրականացնենք Հայաստանի Հանրապետության՝ Մաքսային միությանը և միասնական տնտեսական տարածքին միանալու մտադրությունները և հայտարարությունը, որը պաշտպանել են Մաքսային միության բոլոր երկրների նախագահները:
Այս հուշագիրն ապահովում է Հայաստանի բոլոր կառույցների ներգրավումը Մաքսային միության մարմիններում՝ սկսած բարձրագույն՝ Եվրասիական տնտեսական խորհրդից ավարտած Եվրասիական տնտեսական հանձնաժողովով և նրա կոլեգիայով: Դա տեղեկատվության հասանելիություն է, հնարավորություն՝ պաշտոնապես առաջարկություն ներկայացնել այն որոշումների վերաբերյալ, որոնք քննարկվում և ընդունվում են մեզ մոտ՝ Մաքսային միությունում և միասնական տնտեսական տարածքում: Դա մշտական լիազոր ներկայացուցչի ամրագրում է հանձնաժողովում, որը կլինի ուղիղ վիրտուալ էլեկտրոնային մուտք այն աշխատանքներին, որոնք այսօր իրականացվում են միասնական տնտեսական տարածքում: Դա կարևոր բաղադրիչ է Մաքսային միությանը, միասնական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցության ճանապարհին:
Բացի այդ, մենք այսօր բարեհաջող աշխատել ենք նաև բարձրագույն խորհրդի որոշումների շուրջ՝ փաստաթղթերի պատրաստման գործընթացի իրականացման և ճանապարհային քարտեզի ձևավորման գործընթացի շուրջ և հաջորդ գագաթաժողովի ժամանակ մեր նախագահներին այս աշխատանքի վերաբերյալ ներկայացվելիք զեկույցի ուղղությամբ: Մի շարք մասնագետներ երեկ, այսօր, վաղը աշխատելու են այդ բոլոր ասպեկտների, կետերի շուրջ՝ արդեն բոլոր երկրների կառավարությունների միջև հետագա աշխատանքի և Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհային քարտեզի ուղղությամբ: Շնորհակալություն:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյան
- Հարգելի գործընկերներ, առաջին հերթին ես ցանկանում եմ ողջունել Վիկտոր Բորիսովիչին իր մեծ թիմով Հայաստանում: Մենք փորձագետների, մեր մասնագետների, պատասխանատու պաշտոնատար անձանց մակարդակով իրականացրել ենք մեծ աշխատանք: Մեր առջև այսօր ծառացած խնդիրն է գնահատել այն աշխատանքների ծավալը, որը պետք է միասին իրականացնենք, որպեսզի դառնանք Մաքսային միության, միասնական տնտեսական տարածքի լիարժեք անդամ: Այս խորհրդակցություններն, իհարկե, հնարավորություն են տալիս գնահատել մեր ենթակառուցվածքների, օրենսդրության պատրաստականության մակարդակը:
Աշխատանքների ծավալը, որը պետք իրականացնենք, նոր նորմատիվ փաստաթղթերի ընդունումն է, համապատասխան ենթակառուցվածքների պատրաստվածությունն է այն ստանդարտների համակարգին համապատասխան, որը գործում է Մաքսային միության շրջանակում: Այն խորհրդակցությունները, որոնք մենք այսօր անցկացրինք, օգնում են մեզ ճշգրիտ գնահատել, թե ինչպիսի աշխատանքներ պետք է իրականացնենք և ինչպիսի ժամանակահատվածում կարող ենք իրականացնել:
Այն հուշագիրը, որն այսօր ստորագրեցինք մեր նախագահների հանձնարարությամբ, ինտենսիվ շփումների, տեղեկատվության փոխանակման հնարավորություն է տալիս: Դա մեզ համար առաջին հերթին մուտք է այն մեծ տեղեկատվությանը, որն այսօր առկա է Եվրասիական տնտեսական հանձնաժողովում: Ընդհանրապես ցանկանում եմ գոհունակությամբ ընդգծել, որ մենք լիարժեք փոխըմբռնում ունենք բոլոր հիմնարար հարցերի շուրջ, չկա որևէ տարակարծություն, կան միայն խնդիրներ, որոնք մենք պետք է համատեղ լուծենք: Շնորհակալություն:
Հարցը վերաբերում է Մաքսային միությանը Հայաստանի միանալու դեպքում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկո
- Ղարաբաղյան պատմությունը դուք ինձանից ավելի լավ գիտեք: Այն չի ծագել ո´չ հիմա, ո´չ էլ Մաքսային միությանը միանալու Հայաստանի Հանրապետության հայտարարության հետ կապված: Դրա համար կան ուրույն ձևաչափեր և մասնագետներ տարբեր պետություններից, որոնք զբաղվում են այդ թեմայի կարգավորմամբ, խնդրի լուծման ճանապարհների որոնմամբ: Մենք ցանկանում ենք հաստատականություն, փոխզիջումներ այս խնդրի լուծման ճանապարհը գտնելու մեջ, որն այսպես թե այնպես լուծվող է:
Ինչ վերաբերում է տնտեսական հարթությանը, որն այսպես թե այնպես ի հայտ է գալիս Հայաստանի Մաքսային միությանը ինտեգրման շրջանակում, ապա տնտեսական զարգացումը երբևէ չի վատթարացրել այս կամ այն չկարգավորված իրավիճակները և նույնիսկ կոնֆլիկտները, այլ որպես կանոն նպաստել է դրանց կարգավորմանը: Իմ տեսանկյունից, չնայած մեր հանձնաժողովը քաղաքական հանգամանքների շրջանակից դուրս է, այսօրվա իրավիճակը ո´չ խոչընդոտ է Հայաստանի ծրագրերի իրագործմանը, ո´չ էլ այդ ծրագրերի իրագործումը որևէ կերպ կբարդացնի, հակառակը՝ կլավացնի Ղարաբաղի շուրջ իրավիճակը:
Հարց - Ե՞րբ Հայաստանը կդառնա Մաքսային միության լիիրավ անդամ: Արդյոք Ղազախստանը և Բելառուսը որևէ կերպ խոչընդոտո՞ւմ են Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը՝ հաշվի առնելով Ղազախստանի և Բելառուսի նախագահների հայտարարությունները:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկո
- Աշխատանքային խումբը պետք է ձևավորված լինի նոյեմբերի 20-ին հանձնաժողովի նիստում: Մեր այսօրվա աշխատանքը, ըստ էության նյութեր է պատրաստում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կառավարություններից աշխատանքային խմբեր մասնագետների ներգրավման համար, և Տիգրան Սուրենովիչը արդեն նշել է, որ այդ նախապատրաստական աշխատանքը ցույց տվեց, որ մենք բավական լավ ենք նույնականացնում այն, ինչ մեզ սպասվում է անել, այն, ինչ պետք է արվի Հայաստանի Հանրապետության կողմից, Մաքսային միության կողմից միացման պայմանագրի պատրաստման շրջանակում: Այդ գործընթացը, իհարկե, այնպես էլ արագ չէ, որը կարելի է անցնել մի քանի շաբաթվա ընթացում:
Այն պահանջում է բավական մեծ նախապատրաստական աշխատանք և ազգային օրենսդրության համապատասխանեցում: Դրա համար ես չէի փորձի ամրագրել որևէ ժամկետ, թե երբ այս ամենը կարող է ավարտվել, առավել ևս ես լավ ծանոթ եմ Հայաստանի ղեկավարության ծրագրերին և հավակնություններին այն տեմպի վերաբերյալ, որը պետք է պահպանել այս գործընթացում: Ես համակարծիք եմ այդ ծրագրերի հարցում, բայց ցանկացած տարբերակում այս ճանապարհին մենք պետք է ոչ մի քայլ բաց չթողնենք և պետք է ամեն ինչ կարգավորենք: Չեմ տեսնում ոչ մի անհաղթահարելի խնդիրներ և խրթին հարցեր՝ սկսած ընդհանուր սահմանների հետ կապված հարցերից վերջացրած այլ ավելի քիչ կարևորություն ունեցող հարցերով:
Այդ ամենը լուծելի է, և ես ոչ մի հիմք չեմ տեսնում ասելու, որ կան որևէ քաղաքական արգելակներ այդ գործընթացը իրագործելու մեջ: Ամենակարևորը՝ պետք է անցնել գործընթացի իրագործմանը, և այդ ժամանակ բոլոր հարցերը և բարդությունները կմնան հետևում:
Ես փորձեցի մեղմ պատասխանել այդ հարցին, որ հիմա ես չեմ տեսնում այդպիսի խոչընդոտներ այս ճանապարհին, չեմ զգում:
Դա կարելի է մեկնաբանել ոչ թե որպես քաղաքական սահմանափակումներ այդ գործընթացում, այլ որպես միացման գործընթացը լիարժեք դարձնելու ցանկություն: Հայաստանը նույնպես պետք է իր վրա վերցնի այն բոլոր պարտավորությունները, որ հիմա կրում են բոլոր անդամ-պետությունները: Այս պարագայում դա խոսում է մեր աշխատանքի որակի մասին, որը մենք պետք է ապահովենք և այն մասին, որ պետք է դուրս գալ այս ճանապարհ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյան
- Ես կցանկանայի ավելացնել, որ Հայաստանի կառավարությունը մշակել է միջոցառումների ծրագիր: Դա մեր տեսլականն է այն աշխատանքի ծավալի մասին, որը մենք պետք է իրականացնենք Մաքսային միությանը միանալու համար: Հայաստանի նախագահը դիմել է խնդրանքով երեք պետությունների նախագահներին, որպեսզի նրանք արձագանքեն այն միջոցառումների ծրագրին, որն արդեն սկսել ենք իրականացնել: Ես կարծում եմ, որ դա էլ կնպաստի նրան, որ մենք կկարողանանք արագ և արդյունավետ շարժվել այս ուղղությամբ:
Հարցը վերաբերում է Մաքսային միությանը Թուրքիայի անդամակցության և Հայաստանի անդամակցության հետ կապված Ադրբեջանի հետ հաշվի նստելու վերաբերյալ Բելառուսի նախագահի հայտարարությանը:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկո
- Թուրքիայի՝ Մաքսային միությանը միանալու վերաբերյալ ոչ մի հայտարարություն դեռևս չկա: Շատ պետություններ են մտադրություն և հետաքրքրություն հայտնում Մաքսային միության հետ փոխհամագործակցության ընդլայնման առնչությամբ: Մասնավորապես, Հնդկաստանը վարչապետի այցի ժամանակ Մոսկվայում կրկին ցանկություն է հայտնել ունենալ փոխհամագործակցության առաջադեմ ռեժիմ Մաքսային միության հետ համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի մակարդակով և այլն: Ընդհանրապես պետությունների քանակը, որոնք այսօր հայտարարում են, որ ցանկանում են նմանատիպ հարաբերություններ ձևավորել, հասնում է 36-ի:
Որոշակի ուղղություններով այսօր աշխատանք է տարվում Վիետնամի, Նոր Զելանդիայի, Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիայի հետ: Հիմա Շվեյցարիայի հետ կտարվի այդպիսի աշխատանք: Թուրքիան չկա թեկնածուների մեջ, և նրա հայտարարությունը չի ուսումնասիրվել: Եվ դա նշանակում է, որ այն, ինչ չկա, չի կարող խանգարել և վնասել: Ինչ վերաբերում է Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարությանը, ես այն չեմ լսել, չեմ կարող մեկնաբանել և այդքան էլ կոռեկտ չէ մեկնաբանել ինքնիշխան պետության նախագահի հայտարարությունը:
Բայց կարող եմ ասել, որ Մաքսային միության իրավունքի տեսանկյունից որևէ մեկի կարծիքը, բացի Մաքսային միությանը միանալու թեկնածուի և մասնակիցների, չի պահանջվում այս ամբողջ ծրագրի իրականացման համար: Պայմանագիրը, որը պատրաստվում է ստորագրման, ստորագրվելու է չորս ղեկավարների կողմից:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյան
- Ես էլ եմ համակարծիք Վիկտոր Բորիսովիչի հետ այն հարցում, որ կոռեկտ չէ մեկնաբանել նախագահների հայտարարությունները: Առավել ևս կարևոր է այն, թե ինչ համատեքստում և ինչ նպատակով են դրանք ասվում: Կարծում եմ, որ դա ավելի լավ է թողնել վերլուծաբաններին: