«Ժողովրդի հանճարը նրա լեզուն է. նրանով կարող ենք դատել ժողովրդի լուսավորության աստիճանի, նրա հատկությունների, բարքերի, սովորությունների, արժանիքների ու արատների մասին»:
Միքայել Նալբանդյան
Միքայել Նալբանդյանը ծնվել է 1829թ. նոյեմբերի 14-ին Նոր Նախիջևանում (այժմ' Ռոստով), արհեստավորի ընտանիքում։ Սովորել է հայրենի քաղաքում' Գաբրիել Պատկանյանի դպրոցում։ Հոգևորական հալածանքներից և իշխանությունների հետապնդումից խուսափելով'
1853-ին մեկնում է Պետերբուրգ, որտեղ էլ հանձնում է համալսարանական քննություններ՝ հայոց լեզվի ուսուցչի իրավունք ստանալու համար։ Նալբանդյանը հայոց լեզու է դասավանդել Մոսկվայի Լազարյան ճեմարանում' միաժամանակ սովորելով Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում' որպես ազատ ունկնդիր։ Հետագայում Նալբանդյանը երկու անգամ ուղևորություն է կատարում արտասահման։ Լոնդոնում եղած ժամանակ կապեր է հաստատում Գերցենի, Օգարյովի, Սեռնո Սոլովևիչի հետ։
1854-1858թթ. սովորում է Մոսկվայի համալսարանի բժշկական ֆակուլտետում։
1860թ. ուղեւորվում է Հնդկաստան, այցելելով եվրոպական մի քանի երկրներ 1862-ին վերադառնում է արտասահմանից Նոր Նախիջևան և այնուհետև հուլիսի 14-ին ձերբակալվում է ցարական ոստիկանության գործակալների կողմից։ Նալբանդյանը վախճանվել է թոքախտից աքսորավայրում՝ Սարատով նահանգի Կամիշինքաղաքում, 1866թ. մարտի 31-ին։
Նալբանդյանը սերունդների հիշողության մեջ մնացել է որպես ազատության զինվոր և գաղափարի նահատակ: Նրա կերպարին անդրադարձել են արվեստում և գրականության մեջ: Նրա մասին Հովհաննես Թումանյանը գրել է. «Շատ հալածական ու չարքաշ կյանք է անցկացրել մեր Նալբանդյանը, բայց նույնիսկ էդ հալածանքների մեջ էլ բարձրացել է նա... և ընդմիշտ հավերժացել է հայոց գրականության համաստեղության մեջ ու դարձել նրա ամենավառ, ամենապայծառ աստղերից մեկը»: