Իրատես de facto թերթը հարցազրույց է ունեցել «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի հետ: Զրույցում Գառնիկ Իսագուլյանը, խոսելով Հայաստանի` ներկայիս վիճակից ազատվելու ելքի մասին, ասել է.«Միմիայն հեղափոխությունը' կամ վերևից, որը կլինի անցավ ու ցանկալի, կամ ներքևից, որը, եթե չլինի առաջինը, անխուսափելի է ու ցավոտ:
«Беспредел»-ը, որը նույնիսկ հայեցի տարբերակը չունի և որն այսօր առկա է Հայաստանում, հարկավոր է կանգնեցնել: «Նորաթուխ մանկիկներին», «շոֆերներին», «բազարչիներին» իշխանություն տալով' երկրում լուրջ բարեփոխումներ հնարավոր չէ անել: Հարկավոր են հայրենասեր մարդիկ, հայրենիքը սիրող մարդիկ, այլապես ամեն մի ելույթ ունեցող' սկսած վարչապետից, վերջացրած իշխանության վերջին սպասավորով, իր ելույթը սկսում է' «Կատարելով նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականը' մենք արեցինք…» սա, նա, մյուսը:
Այսինքն` ստացվում է, որ մեր երկրի բոլոր ձախողումների հիմնական հանձնառուն և հանձնակատարը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է: ՈՒստի ես դիմում եմ նախագահին' ասելով՝ պարոն նախագահ, կանգնեցրե՛ք այս «беспредел»-ը, մենք կօգնենք Ձեզ, իսկ եթե չեք կարող, ի սեր Աստծո, հրաժարակա՛ն տվեք: Ինձ շատ մտերիմ մարդկանցից մեկը վերջերս ինձ Ավետարանից «Անառակ որդու վերադարձը» առակն էր մեկնում, ուսանելի է: Կարդացե՛ք ևս մեկ անգամ ու վերադարձե՛ք…»: