Ալբանիա և Աղվանք անունների ծագման մասին կան տարբեր բացատրություններ: Վերևում նշվել է, որ Խորենացին Աղվանք անունը կապում է հայոց նահապետ Հայկից սերված Սիսակի աղու /=քաղցր/ բնավորության հետ, որից էլ առաջացել է երկրամասի Աղվանք անունը: Հայկական գրավոր աղբյուրների Աղվանք և հունա-հռոմեական գրավոր աղբյուրների Ալբանիա անունները արտաքուստ կարծես նման չեն, սակայն մի քիչ ուշադիր լինելու դեպքում, նկատում ենք, որ կան նմանություններ: Հայտնի է, որ օտարները չկարողանալով արտասանել որևէ անուն, այն հնչյունափոխության են ենթարկում, հարմարեցնելով իրենց լեզվին: Կարելի է մտածել, որ այս դեպում ևս գործել է այդ տարբերակը և հայկական Աղվանք /Ալվանք/ անունը հույներն ու հռոմեացիները հնչեցրել են Ալբանիա ձևով /տեղի են ունեցել ղ-լ, վ-բ հնչյունափոխությունները/:
Հայոց Արեւելյան Կողմի այս երկրամասի համար բացի Ալբանիա և Աղվանք անուններից օգտագործվում է նաև Բուն Աղվանք, Կովկասյան Աղվանք, Հայոց Աղվանք անունները: Անունների այս բազմազանությունը /նաև խառնաշփոթը/ ստեղծվել է մարզպանության շրջանում /510 թ. հետո/, երբ Հայաստանի առաջին /385 թ./ ու երկրորդ /591թ./ բաժանումներից հետո, ինչպես վերևում նշվեց, Հայաստանից պոկված ու Պարսկաստանին անցած հայաբնակ Աղվանքին են միացվել կովկասյան ցեղերով բնակեցված գավառներ /Թավասպարք, Մասքութք, Չողա, Ղեկք, Դարբանդ/:
Իսկ ուդիների /udini, uiti/ և գարգարացիների ներկայությունը Աղվանքում ենթադրում է, որ նրանք /ցեղի մի մասը/ իրենց նախնական բնակության վայրերից' Կովկասյան լեռներից /գարգարներ/ և Կասպից ծովի ու ծովափնյա լեռների միջև ընկած տարածքից /ուդիներ/ իջել են հայերով բնակեցված Կուրի բարեբեր հարթավայր /ենթադրվում է նեղվելով ալաններից/, որտեղ Մեսրոպ Մաշտոցը V դարում գիր է ստեղծել գարգարացիների համար:
Ի դեպ կա տեսակետ /Ա. Հակոբյան/, որ գարգարացի անվանումը քամահրական անվանում է, որը տրվել է Կուրի ձախ ափին հայտնված հյուսիսային վայրի ցեղերին Մովսես Խորենացու կողմից /А. Акопян, Албания-Алуанк в греко-латинскиx и древнеармянскиx источникаx, Е., 1987, с. 72-74/: Իսկ ուդիները հայտնվելով հայկական միջավայրում, ընդունել են քրիստոնեություն, այնուհետև կիսել են հայերի ճակատագիրը' մահմեդականացել են, գաղթել կամ ոչնչացել /խորհրդային տարիներին նրանց մի փոքր մասը ապրում էր Նուխիի /այժմ Շաքի/ շրջանի Նիժ և Վարդաշեն գյուղերում/:
Այսպիսով կարելի է ասել, որ Աղվանքը /Ալբանիա/ տարածքի, երկրամասի /Աջափնյա Կուր, Ձախափնյա Կուր, Գարդման, Ուտիք, Արցախ/ անվանում է և ոչ էթնոնիմ, իսկ նրա բնակիչները հայ-արմեններ են, որոնք իրենց այլ կերպ չեն կոչել ու չեն կոչում:
angelateryan.wordpress.com