Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Մարտիրոսյանը եզակի դաժան, ապօրինի և ոչ կոմպետենտ վերաբերմունք է ցուցաբերում քաղաքի երկարամյա ծառերի հանդեպ։ Այս օրերին Երևանի բոլոր հատվածներից ահազանգեր են ստացվում Երևանի բարդիների խոշտանգումների կամ անթույլատրելի էտումների մասին։

 

 

Հ․Հակոբյան փողոց.

 

Վերջին տարիներին բազմաթիվ բուսաբանության մասնագետներ գրավոր եզրակացություններ են ներկայացրել, որ տարվա ցուրտ ժամանակ նման խորը էտումներ չի կարելի կատարել։ Ծառերը չեն հաղթահարում այդ դաժան միջամտությունը։

 

Վտանգված են 17 000 ծառեր։ Ըստ Երևանի դենդրոլոգ Մաքսապետյանի, ծառերը էտվում են պարզապես հաշվի առնելով, որ դրանք չպետք է գերազանցեն 5 մետրը։ Այսինքն այն ամենը, ինչը Երևանում 5 մետրից բարձր է աճում, ընկնում է քաղաքապետարանի էլեկտրական սղոցների բերանը։

 

Բացի այն, որ բնապահպանական վարչության «Կանաչապատում» ՓԲԸ չի տիրապետում տարրական մասնագիտական գիտելիքների, միջազգային փորձին և չի վերահսկում ծառերի հատումներն ու էտումները, այդ վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը պատասխանատվություն է կրում տարբեր բարձրահարկերի կառուցապատումների համար տրված ապօրինի հատումների թույլտվությունների համար։ Դրանցից են Նալբանդյան 106 բակը, Կոմիտաս 5ա, Կենտրոնի, Մալաթիա Սեբաստիայի, Դավիթաշենի և Ավանի մի քանի ծառածածկ գոտիներ։ Մինչև օրս պարզ չէ և քաղաքապետարանը օրենքին հակառակ հրաժարվում է ներկայացնել, թե հատկապես ինչի վրա են ծախսվում «Կանաչապատում» ՓԲԸ բյուջեով նախատեսված հանրային գումարները։

 

Ավետ Մարտիրոսյանի հրահանգով փաստացի խոշտանգվում են Երևանի երկնասլաց բարդիները։ Դրան զուգահեռ շարունակվում է հովանավորվել ծառերի փչացումը շինաշխատանքների համար (oր․՝ սոսիների վնասումը քիմիական նյութերով և ծակելով)։

 

Ոչինչ չի մոռացվում և պարոն Ավետ Մարտիրոսյանը պատասխանատվություն է կրում Երևանի ծառածածկ հատվածի բոլոր ապօրինությունների և Երևան համայնքին հասցված վնասի համար։

 

«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն