Հնդկաստանում 8-ամյա աղջիկը դարձել է երկրի ամենաերիտասարդ մարդը, որն ամուսնալուծվել է: Ֆաթիմա Մանգրեին 4 տարեկան հասակում ամուսնացրել է նրա հայրը՝ Անիլը։ Նա ամուսնացել է 10 տարեկան Արջուն Բաքրիդիի հետ, բայց երբ տղան անցած շաբաթ եկել է իր հարսնացուին տանելու, հայրը փոշմանել է, գրում է The Washington Times-ը:

 

«Ես վերջապես հասկացա, որ դուստրերին այդքան վաղ տարիքում ամուսնացնելու ավանդույթը սխալ է, և նա պետք է մանկություն ունենա: Դա իմ պարտքն է՝ ապահովել նրա մանկությունը: Ես ամեն ինչ կանեմ նրան պաշտպանելու համար»,- ասել է նա:

 

Պետական պաշտոնյաները սկսել են հետաքննել ամուսնալուծության դեպքն այն բանից հետո, երբ Նյու Դելիի Կանանց ազգային հանձնաժողովը նամակ է հղել՝ սպառնալով գործողությունների դիմել աղջկա և տղայի ծնողների դեմ:

 

«Սա սկանդալ է, մենք պետք է ավելի շատ մանրամասներ իմանանք գործողությունների անցնելուց առաջ»,- ասել է հանձնաժողովի ներկայացուցիչ Նիրմալա Սամանտը:
«Աղջկա հայրը պետք է պատասխանի, թե ինչու է ամուսնացրել իր դստերը չորս տարեկանում, և տղայի հայրը պետք է պատասխանի, թե ինչու է համաձայնել նման ամուսնությանը և հետո գնացել աղջկա հետևից, երբ վերջինս դեռ ընդամենը ութ տարեկան է»,- հավելել է նա: