Նոյեմբերի 19-ին Երևանի Սիլիկյան թաղամասում հայտնված ու վնասազերծված գայլն այժմ «Յունիգրաֆ իքս» ՍՊԸ–ի թափառող շների դեմ պայքարի մասնագիտացված կլինիկական կենտրոնում է՝ իր համար առանձնացված վանդակում:

 

«Յունիգրաֆ իքս» ՍՊԸ-ում թափառող գայլի մասին ահազանգը 15:00-ի սահմանում են ստացել: «Ահազանգ ստացանք, որ Հ2 հեռուստաընկերության մոտ գայլ են տեսել: 15 րոպեի ընթացքում գնացինք, վնասազերծեցինք: Գայլ էր դե, մոտիկանում ես բռնելու, պարզ ա, ագրեսիա ա ցուցաբերում»,- NEWS.am-ին պատմեց «Յունիգրաֆ իքս»-ի աշխատակից Գուրգեն Այվազյանը:

 

Նրա պատմելով՝ շներ որսալու ահազանգեր շատ են ստանում, բայց սա քաղաքի տարածքում թափառող գայլի մասին առաջին ահազանգն էր:

 

Կլինիկայի վիրաբույժ Արթուր Թոսունյանի գնահատմամբ՝ կենդանին մոտ մեկ տարեկան կլինի. «Տեսքից նայելով՝ ինքը ջահել կենդանի ա: Հետազոտեցինք, կծած, գզածի հետքեր, կոտրվածքներ չկան, արտաքինից վիճակը նորմալ ա: Մի երկու տեղ կարմրացումներ կային, մենք ենթադրում էինք, որ արյուն ա, բայց արյուն չէր, կարմիր ներկ էր»:

 

Գայլն իրեն ագրեսիվ է պահում, մարդկանց հետ դեռ չի հաղորդակցվել, չի միզել ու չի կեղտոտել: Թույլ է, չի տեղաշարժվում, ինչի պատճառը հնարավոր է՝ գայլի համար արտասովոր՝ մարդկանց միջավայրն է։

 

«Եթե մեկի հետ կոնտակտի դուրս եկավ, կոպիտ ասած՝ հավանեց, ձեռքից կեր վերցրեց, կենթադրենք, որ տան պահած կենդանի է: Եթե տան պահած կենդանի ա, ինքն ուրիշ ձև ա կեղտոտելու »,-ասաց վիրաբույժը՝ հավելելով, որ մեզից կարող են նաև կարծիք կազմել կենդանու մոտ բորբոքային պրոցեսների առկայության մասին:

 

Գայլի հետագա ճակատագրի մասին խոսելը կլինիկայում դեռ վաղ համարեցին. սպասում են հետազոտությունների ավարտին: Եթե առողջ լինի, բաց կթողնեն, եթե պարզվի, որ կատաղություն ունի եւ վտանգավոր է, կքնեցնեն։

 

Ինչպես է գայլը հայտնվել Երեւանի բնակեցված թաղամասում, առայժմ պարզ չէ։