Կառավարության այսօրվա նիստի ժամանակ մինչ օրակարգային հարցերին անցնելը վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ ՀՀ` Մաքսային միությանը միանալու հարցին:
«Երկու օր առաջ Մոսկվայում, Եվրասիական հանձնաժողովում 4 երկրների նախագահների հանձարարությամբ, ձևավորվել է աշխատանքային խումբ, որի նպատակն է քննարկել Հայաստանի միացումը Մաքսային միությանը և միասնական տնտեսական տարածքներին: Աշխատանքային խմբում կան Ղազախստանի, Բելառուսի, Ռուսաստանի և Հայաստանի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասնագետները:
Աշխատանքային խմբի առջև դրված է խնդիր, որ հստակ պատկերացում կազմվի, թե ինչ ծավալի աշխատանք մենք ձեզ հետ միասին պետք է իրականացնենք այդ գործընթացն իրականացնելու համար, և աշխատանքային խումբը պետք է նախապատրաստի ճանապարհային քարտեզ: Մեր բոլոր գերատեսչություններին լարված աշխատանք է սպասվում, և առաջին հերթին մեր աշխատանքով է պայմանավորված լինելու, թե ինչ ժամանակահատվածում ի վիճակի կլինենք այդ բոլոր միջոցառումներն իրականացնել: Քանի որ դեկտեմբերի 5-ին նախատեսվում է աշխատանքային խմբի առաջին հանդիպումը, նշանակում է, որ մենք պետք է արդեն պատրաստ լինենք ներկայացնելու ըստ ոլորտների մեր անելիքները, կարողությունները:
Մենք պետք է հասցնենք դեկտեմբեր ամսում ունենալ ճանապարհային քարտեզ և այն ներկայացնել նախագահների հաստատմանը, սա մեր մոտակա անելիքներն են ՄՄ-ին անդամակցելու վերաբերյալ»,-ասաց Տիգրան Սարգսյանը: