«Բիզնես սկսելու դյուրության տեսակետից Հայաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում, ոչ մի երկրում այսքան հեշտ չէ բիզնես գրանցելը, բայց բիզնեսից դուրս գալը պետք է դժվար լինի, ինչպես մենք ասում ենք, որ բուհ ընդունվելը պետք է լինի հեշտ, բուհ ավարտելը՝ դժվար»,- երեկ կառավարության նիստում բառացիորեն հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ինչպե՞ս են մեկնաբանում մասնագետներն այս հայտարարությունը եւ ինչ վտանգներ է իր մեջ պարունակում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը: Այս եւ այլ հարցերի շուրջ ԳԱԼԱ-ի լրագրողը զրուցել է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի հետ:

 

-Պարոն Մեսրոբյան, ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ:

 

-Այդ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը պարտադրվում է Արեւմուտքի կողմից, այն պարզ պատճառով, որ Հայաստանում չկա երկար փողերի շուկա, իսկ սա նշանակում է, որ 35-40 կամ 25 տարվա ժամկետայնության իմաստով փողերը ի վերջո պետք է դուրս գան արեւմտյան շուկաներ, որտեղ գնվելու են թե մունիցիպալ, թե ֆեդերալ, թե այլ արժեթղթերը կամ ներդրումներ են արվելու տարբեր ռազմավարական ուղղություններով այնտեղ: Սա նշանակում է, որ ամեն ինչ կանեն Արեւմուտքում, որ այդ պարտադիր կուտակային կենսաթոշակային օրենքը սկսի գործել, որպեսզի նաեւ եւս մի կանալով Արեւմուտքը ֆինանսավորվի Հայաստանից:

 

-Իսկ օրենքի նախագիծ ներկայացնող ՀՀ կառավարությունը պնդում է, որ այն արվում է քաղաքացիներին անհոգ ծերություն ապահովելու համար:

 

-Այդ ապահով ծերություն եւ նման բառեր կարելի է ասել շատ սիրուն: Օրինակ՝ թամադան սեղանի շուրջ շատ սիրուն բաներ է ասում, բայց դա չի նշանակում, որ մարդը ճոխ սեղանից հետո երբ վազում է տուն, սպասում է թամադայի ասածների իրականացմանը: Այդ սիրուն բաների մասին չի խոսքը: Խոսքը հետեւյալն է՝ այդ գումարները (առավել եւս որ կառավարիչները արտասահմանից են) որտե՞ղ պետք է պտտվեն, այնտեղ որտեղ կա երկար փողերի շուկա: Հայաստանում երկար փողերի շուկա չկա, արտասահմանում՝ կա, հետեւաբար մեր փողերը գնալու են Արեւմուտքի ֆինանսավորմանը:

 

-Այնուամենայնիվ ի՞նչ եք կարծում՝ նկատի ունենալով հասարակական դժգոհությունը՝ օրենքի նախագիծը հետ կկանչվի՞: Կա՞ դրա հավանականությունը:

 

-Ինձ դա քիչ է հետաքրքրում, քանի որ կա շահագրգիռ կողմը, իսկ շահագրգիռ կողմը դա հասցեատերն է, հասցեատերը, բնականաբար, Արեւմուտքն է, իսկ ինքը կշարունակի ճնշել:

 

-Պարոն Մեսրոբյան, ինչպես կմեկնաբանեք վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությունը, թե բիզնես սկսելու դյուրության տեսակետից Հայաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում, ոչ մի երկրում այսքան հեշտ չէ բիզնես գրանցելը:

 

-Ես անգամ չեմ քննարկում՝ ճիշտ է դա, թե սխալ: Ընդունենք ճիշտ է, բիզնես գրանցելը չի նշանակում, որ Հայաստանը գրավիչ է բիզնես անելու համար: Օրինակ թակարդի մեջ կանգնելը մինչեւ թակարդի փակելը բոլորը կարան, բայց եթե թակարդը փակվեց, հետո ինչ: Խնդիրը հետեւյալն է՝ բիզնես մթնոլորտի մեջ բիզնես բացել կամ գրանցելը դա շատ կարճ ժամանակահատված է, բիզնեսը տասնյակ տարիների ընթացքում է դառնում, հետեւաբար բիզնեսը կգրանցվի երեք ամիս չէ, այլ 3 օր, շատ լավ է, բայց եթե ստացվում է այնպես, իսկ հենց այդպես էլ կա, դուք կարող եք երեք վայրկյանում բիզնեսը գրանցել եւ երեք տարի տառապել ու բիզնեսը փակել, սա նշանակում է, որ մեզ մոտ բիզնես միջավայր չկա:

 

-Ի՞նչն է խանգարում ունենալ:

 

Պետական կառավարման համակարգը, որը ձեւավորվել է 1991 թվականից: Նա միտված չէ զարգացմանը՝ պետական կառավարման զարգացմանը, քանի որ 91 թվականին, ինչպես որ 18 թվականին մենք մեզնից անկախ դարձանք նորից անկախ, հետեւապես ուղղակի յոլա գնալու մեխանիզմները միացան եւ մտան պետական կառավարման մեջ, իսկ յոլա մեխանիզմների վրա հիմնված պետական կառավարման համակարգը միտված չէ զարգացմանը: Իսկ դա նշանակում է, որ եթե միտված չէ զարգացմանը, ուրեմն ցանկացած պոզիտիվ զարգացմանը միտված օրենսդրություն ասեմ, քայլ ասեմ եւ այլն վանվելու է այս համակարգի կողմից, ինչը եւ կատարվում է: