Այսօր դատարանում հարցաքննվեց Հայաստանի գլխավոր վարակաբան, «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Արա Ասոյանը: Նա զինծառայող Հայկ Խաչատրյանի մահվան կապակցությամբ հարցաքննության էր հրավիրվել Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:Գրում է 168.am-ը:

 

Հիշեցնենք, որ Հայկ Խաչատրյանը մահացել է ջրծաղիկ հիվանդությունից. «Մուրացան» կենտրոնական կլինիկայից Հայկ Խաչատրյանը տեղափոխվել էր «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ էլ մահացել էր: Մինչև իր հարցաքննությունը Արա Ասոյանն ասաց, որ դատարանում հանդիպել է երկու կողմերի՝ ամբաստանյալի աթոռին հայտնված բժիշկներ Մինաս Մկրտչյանին և Միքայել Միքայելյանին, ինչպես տուժող կողմին՝ մահացած Հայկ Խաչատրյանի հորը՝ Մովսես Խաչատրյանին:

 

ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր վարակաբանն ասաց, որ հիշել է ամբողջ կատարվածը, ինչն իր համար բավական ծանր է: Ամեն դեպքում Արա Ասոյանը ամբաստանյալի աթոռին հայտնված բժիշկներին կոչ արեց ներողություն խնդրել մահացած զինծառայողի հորից՝ անկախ նրանից զինածառայողի մահվան պատճառը նրա՞նք են, թե՞ ոչ: «Որդեկորույս հայր է, բոլորդ այս մարդուց ներողություն խնդրեք»,- հորդորեց Արա Ասոյանը: Մովսես Խաչատրյանն էլ վրդովվեց՝ աելով, որ ամբաստանյալները ներողություն խնդրող չեն եղել: Միևնույն ժամանակ, Մովսես Խաչատրյանն ասաց, որ չնայած իր որդին մահացել է «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, սակայն ինքը նրանցից որևէ բողոք չունի:

 

Մահացած զինառայողի հոր խոսքով՝ «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի բուժանձնակազմը ջանքեր է գործադրել իր տղային փրկելու համար: Նրանց խոսակցությանը միջամտեց նաև նախագահող դատավոր Վլադիմիր Գրիգորյանը' ասելով. «Քարն էլ լաց կլինի այս դեպքի վրա»: Գլխավոր վարակաբան Արա Ասոյանն ասաց, որ ջրծաղիկով վարակված անձանց միայն 4-8 տոկոսն է բուժում ստանում հիվանդանոցում: Նա ասաց, որ Հայկ Խաչատրյանի մոտ գրանցվել է ջրծաղիկի վիսցերալ ձևը:

 

Այդ ձևի զարգացումն, ըստ Արա Ասոյանի, կապված է Հայկ Խչատրյանի օրգանիզմի առանձնահատկությունների հետ: Արա Ասոյանի խոսքով՝ Հայկ Խաչատրյանը մինչև ջրծաղիկով վարակվելը դիմային ներվի բորբոքում է ունեցել, այդ կապակցությամբ նա ստացել է հորմոնալ բուժում, իսկ հորմոնալ բուժում ստանալու դեպքում մարդկաց իմունիտետը մոտակա երեք շաբաթում կտրուկ անկում է ապրում: Հենց դրա հետ էլ Արա Ասոյանը կապեց զինծառայողի՝ ջրծաղիկով վարակվելու հանգամանքը: Դատավոր Վլադիմիր Գրիգորյանը հետաքրքրվեց՝ եթե զինծառայող Հայկ Խաչատրյանը ավելի շուտ տեղափոխվեր «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց:

 

Արա Ասոյանն ասաց էլ ի պատասխան ասաց, որ բժշկությունը մաթեմատիկա չէ: Մովսես Խաչատրյանն ասաց, որ իր որդուն «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց տեղափոխելուց հետո Արա Ասոյանն իրեն ասել է, որ եթե Հայկ Խաչատրյանին ավելի շուտ տեղափոխած լինեին իրենց հիվանդանոց, ապա նրան հնարավոր կլիներ փրկել, միևնույն ժամանակ նշել է, որ եթե այդ օրը Հ. Խաչատրյանին ոչինչ չպատահի, ապա նա ամենայն հավանականությամբ դուրս կգա վատ վիճակից: Արա Ասոյանը բացառեց այն հանգամանքը, որ ինքը կարող էր ասած լիներ, թե եթե Հայկ Խաչատրյանը շուտ տեղափոխվեր հիվանդանոց, ապա հնարավոր կլիներ նրան փրկել: Արա Ասոյանը նշեց, որ «Մուրացան» հոսպիտալու բժիշկները կասկած են ունեցել, որ զինծառայողը սուր աղիքային խնդիր է ունեցել, և նման պայմաններում ճիշտ են արել, որ մինչև աղիքային խնդրի ժխտումը նրան «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց չեն տեղափոխել:

 

Մահացած զինծառայոի հայրը բողոքեց դատարանի գործողություններից և լքեց դատարանի դահլիճը: Նրա հետ միասին դատական նիստերի դահլիճը լքեց նաև նրա ներկայացուցիչ Մուշեղ Շուշանյանը: «Երեխիս դրեցիք հողը»,- ասաց Մովսես Խաչատրյանն ու հեռացավ դատական նիստերի դահլիճից:

 

Շարունակությունն՝ այստեղ: