Այսօր' նոյեմբերի 29-ին, հորդառատ անձրևի ներքո Ազատության հրապարակում տեղի ունեցավ Պարույր Հայրիկյանի հրավիրած հանրահավաքը:

 

Մասնակիցները հանրահավաքը սկսեցին ՀՀ փոփոխված օրհներգով:

 

«Հայաստանի Հանրապետության աթոռը զբաղեցնող անձը հրաժարվեց հայ ժողովրդի առաջընթացի հնարավորությունից' մեկ անգամ ևս ազդարարելով, որ մենք ունենք դեպի Եվրոպա ստրատեգիական կողմնորոշում, բայց շարժվում ենք դեպի Մոսկվայի և Սիբիրի երանելի տարածքները: Փաստը մնում է փաստ. ԿԳԲ-ի գործակալական ցանցը լիարժեքորեն աշխատում է»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

 

Ըստ նրա'Հայաստանի բնակչության մեծամասնությունը եվրոպական կողմնորոշում ունեն (30%), դրանից հետո անկախականներն են, հետո գալիս են չկողմնորոշվածները, հետո' «մաքսային միություն» կոչվածխայտառակության կողմնակիցները:

 

«Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում կա անկախականների բանակ, ովքեր ասում են' մենք պետք է լինենք ինքնիշխան, և վերջ, բայց միևնույն ժամանակ, ուզում եմ ասել, որ ոչ մի մարդ հասարակության մեջ ինքնուրույն չի ապրում:

 

Կատարվեց մի խայտառակություն. 60 տարվա պատմություն ունեցող ԵՄ-ին, որը նաև ճգնաժամեր է տեսել և կարողացել է դրանք հաղթահարել, այդ միությանը հակադրվեցին երեք դիկտատորի դաշինքը: Վաղը մեր որդիները պետք է ասեն' չենք հասկանում' մեր հայրերը կո՞ւյր էին, գի՞ժ էին, թե՞ այդ աստիճանի ծախված, որ դեպի 27 երկրի համագործակցություն առաջնորդելու փոխարեն, մեզ տարան երեք խղճուկ դիկտատորների դաշինք: Սա մեծագույն ստորությունն է, որ կարող էր արվել հայ մարդու հանդեպ»: