Հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն՝ ՀՀ տնտեսության մեջ իրականացվող օտարերկրյա ներդրումները նվազել են 62,1 տոկոսով: 2013թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ-ում իրականացվել 1 155,1 մլն դոլարի ներդրում, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 62,1 տոկոսով:
«Սա, իսկապես, մտահոգիչ փաստ է, որը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ երկրում իրականացվող, այսպես կոչված՝ բարեփոխումները հակառակ ազդեցությունն ունեն»,- Tert.am-ի հետ զրույցում գնահատելով հրապարակված տվյալները՝ ասաց ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության անդամ, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը: Ըստ նրա՝ դրա հիմնական պատճառն այն է, որ ներդրումային ոլորտի պաշտպանության համակարգը Հայաստանում չափազանց ցածր մակարդակի է՝ անվստահություն, պաշտպանվածության նկատմամբ հոռետեսական մոտեցումներ և, ի վերջո, դրական սպասումների փոխանցումը բացասական սպասումների տիրույթ:
«Այս ամենը նշանակում է, որ կառավարությունը, ի վերջո, պետք է գիտակցի, որ ադմինիստրատիվ մեթոդներով հնարավոր չէ երկրում իրականացնել բարեփոխումներ, եթե դրանք հիմնված չեն հասարակության ստվար զանգվածների վստահության, հավատի և համոզվածության վրա»,- եզրակացրեց ԱԺ պատգամավորը:
Տնտեսագետ, ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանի գնահատականով՝ այս երևույթը կապված է Հայաստանի տնտեսությունում տիրող իրավիճակի հետ:
«Սովորաբար՝ ներդրումների համար հարկավոր են ցածր հարկեր, քաղաքական և տնտեսական կայունություն, ամենակարևորը' արդար դատարաններ և մրցակցային պայմաններ, ինչը մեր երկրում գործող համակարգը չի ապահովում: Իսկ դա ներդրողները միանգամից են արձանագրում: Մեր երկրում հակառակն է: Այս թվերն այդ ամենի լավագույն ապացույցն են»,- ասաց Վ. Խաչատրյանը' ավելացնելով, որ նույնիսկ՝ ճգնաժամի տարիներին այսպիսի թվեր չեն եղել:
«Վերջին երկու տարվա ընթացքում ընդհանրապես նման անկում է նկատվում: Մեզ մոտ ներդրողների համար համապատասխան պայմաններ չկան, որի մասին մենք շարունակ խոսում ենք, իսկ իշխանությունները շարունակ այլ հիմնավորումներ են բերում»,- նկատեց ՀԱԿ անդամը:
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին անդամ, տնտեսագետ Վարդան Բոստանջյանի կարծիքով՝ ներդրումների պակասն ինքնաբերաբար չի ստացվում:
«Որպես կանոն՝ ներդրումները չեն շարժվում այնտեղ, որտեղ իրենց համար նպաստավոր պայմաններ չկան»,- ասաց Վ. Բոստանջյանը' շարունակելով, թե սրանից պետք է ենթադրել, որ Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա ներդրումների համար չկան բարենպաստ պայմաններ:
«Սա այնքանով է խոցելի երևույթ, որ ամենատարբեր ծրագրերով, մասնավորապես՝ Հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրով, աճ էր նախատեսում, բայց, փաստորեն, չեն կարողանում ապահովել, ինչը հատկապես՝ այսօրվա տնտեսության համար շատ բացասական երևույթ է»,-ասաց Բոստանջյանը: