Կուտակային կենսաթոշակների համակարգից մինչ այսօր կամավոր սկզբունքով չեն օգտվել Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության երիտասարդ պատգամավորներից Արփինե Հովհաննիսյանը, Կարեն Ավագյանը, Հովհաննես Սահակյանը, Էդուարդ Շարմազանովը, ովքեր նոր օրենքով պարտադիր պետք է կուտակեն: Tert.am-ի հարցին ի պատասխան՝ նրանք ասացին, որ հիմնական պատճառը երիտասարդ լինելն է, չեն մտածել թոշակի մասին:

 

«Չեմ օգտվել մինչ այս պահը, երևի ինչ-որ առումով տարիքային առանձնահատկությունից ելնելով՝ ինքս չեմ մտածել այդ համակարգից օգտվելու մասին»,-ասաց Արփինե Հովհաննիսյանը:

 

Կարեն Ավագյանը նույնպես կամավոր չի օգտվել կուտակային համակարգից: «Ընդանրապես՝ երբ նման հարցերը դրվում են կամավորության սկզբունքով, հիմնականում՝ դա չի գործում, հատկապես՝ մեր տարիքի մարդկանց համար, որովհետև մեր տարիքային խմբի համար երևի այդքան էլ հասկանալի չէ, որ պետք է կամավոր մտածել՝ էսօր գումար դնել թոշակի տարիքում գումար ստանալու համար»,-ասաց նա:

 

Պատգամավորի կարծիքով, այնուամենայնիվ, պետք է կուտակել, որպեսզի քաղաքացին հետագայում պետության համար բեռ չդառնա. «Դրանից առաջ էլ էինք կուտակում, կգումարվի նաև հինգ տոկոս պարտադիրը, որը հետագայում մեծ գումար կկազմի»:

 

Հովհաննես Սահակյանը նույնպես կամավոր չի կուտակել: «Քանի որ համեմատած՝ ավելի երիտասարդ եմ, թոշակի մասին դեռևս չեմ մտածել, հայի բնավորություն է»,-նշեց նա:

 

ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովն էլ ասաց, որ կամավորից չի օգտվել, բայց պարտադիրից կօգտվի: Իսկ համակարգի վերաբերյալ նկատեց. «Ես՝ որպես քաղաքացի, իմ դիրքորոշումը հայտնել եմ 2012թ.-ի դեկտեմբերի 22-ի քվեարկությամբ, երբ բոլոր պատգամավորները կողմ էին այդ նախագծին, միակ դեմ քվերակողը եղել է Վիկտոր Դալլաքյանը: Եվ խորհուրդ կտայի բոլորին՝ տարին մեկ անգամ կարծիք չփոխել»:

 

Նրա կարծիքով՝ դա այն բարեփոխումն է, որի դրական արդյունքները հետո´ կտեսնեն: «Այն, որ այդ բարեփոխումն ավելի լավն է, քան՝ ներկայիս համակարգը, փաստ է»,-ասաց Շարմազանովը: