Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Պաետը կարծում է, որ Ուկրաինայում տեղի ունեցած վերջին իրադարձությունները վկայում են ԵՄ Արևելյան գործընկերություն ծրագիրը վերանայելու և այն ավելի ժամանակակից դարձնելու անհրաժեշտության մասին:

 

«Այդ ծրագրին մասնակցող 6 պետություններն էլ հենց սկզբից շատ տարբեր էին, և այժմ, երբ Վիլնյուսում տեղի ունեցած գագաթնաժողովը կարծես անջատիչ գիծ քաշեց, այդ 6 պետությունների տարբերություններն ավելի ակնհայտ դարձան»,-ասել է Էստոնիայի արտգործնախարարը, որի խոսքերը մեջբերում է Интерфакс-Украина-ն:

 

Այնուամենայնիվ, Պաետի կարծիքով' Եվրամիությունը պետք է շարունակի իր գործունեությունը, սակայն, հաշվի առնելով պետությունների տարբերությունները:

 

«Մի կողմից' Վրաստանն ու Մոլդովան, մյուս կողմից՝ Բելառուսն ու Ադրբեջանը, իսկ հիմա արդեն ինչ-որ տեղ մեջտեղում՝ Հայաստանն ու Ուկրաինան: Չարժե՞ արդյոք հարցին նայել թարմ հայացքով՝ դա փոխելու համար»,-հարցադրում է արել նախարարը:

 

Նրա կարծիքով՝ անհրաժեշտ է յուրաքանչյուր պետության համար մշակել կոնկրետ ծրագրեր՝ ելնելով այն բանից, թե ինչ են իրենք ցանկանում, ինչի են պատրաստ և ուր են հասել իրենց ներքին զարգացմամբ: