Հայտնի դեպքերից հետո փակվել է Բերդ - Վազաշեն - Իջևան մայրուղու Վազաշեն - Պառավաքար ճանապարհահատվածը և անհրաժեշտություն է առաջացել Հ-37, Մ-4 - Այգեհովիտ - Վազաշեն - Պառավաքար - Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի Վազաշեն- Պառավաքար վտանգավոր հատվածում կառուցել շրջանցիկ ավտոճանապարհ: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից արդեն պատվիրվել, և «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊ ընկերության կողմից կատարվել են նախատեսվող շրջանցիկ ավտոճանապարհի նախագծման աշխատանքները, որոնցում ներառված են նաև տեղանքի երկրաբանական հետազոտություններ:

 

 

 

Շրջանցիկ ճանապարհը 3.8 կմ երկարությամբ է և անցնում է անտառով: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության առաջարկով շինարարական աշխատանքներն իրականացնում է «Իջևան ՃՇՇ» ՓԲ ընկերությունը: Նախարարությունը «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊ ընկերությանն առաջարկել է տեղում կատարել ուսումնասիրություններ և ներկայացնել առաջարկություններ՝ Հ-36, Մ-4 - Իջևան - Նավուր - Բերդ - Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի Վերին Ծաղկավան - Իծաքար - Գանձաքար ճանապարհահատվածի վերակառուցման համար:

 

Աշխատանքների մեկնարկն արդեն տրված է։

 

Ճանապարհահատվածը սպասարկող «Տավուշի ՃՇՇ» և «Իջևանի ՃՇՇ» ՓԲ ընկերությունների կողմից կատարվել և կատարվում են որոշ շրջադարձերի լայնացման և թափվածքների մաքրման աշխատանքներ: Իջևան - Գանձաքար – Իծաքար – Նավուր - Բերդ ճանապարհահատվածի Գանձաքարի տեղամասում ճանապարհի ամբողջ երկայնքով այս պահին կատարվում են խճապատման նախապատրաստական աշխատանքներ։ Նշված հատվածում ձյան առատ տեղումների հետևանքով «Տավուշի ՃՇՇ»-ն զուգահեռ զբաղված է նաև ձյան մաքրման աշխատանքներով և ճանապարհը անցանելի դարձնելով: Ըստ նախանշված ժամկետների՝ ճանապարհի վերակառուցումը կավարտվի 1-1,5 ամսվա ընթացքում։