Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը շատ ցածր է, որի հիմնական պատճառը Հայաստանում գործող քաղաքական համակարգն է:Մարդու իրավունքների պաշտպանության միջազգայի օրվա կապակցությամբ խոսելով Հայաստանում այդ իրավունքների պաշտպանվածության մասին՝ Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Նա ընդգծեց, որ Հայաստանում գոյություն չունի իշխանության տարանջատում, որտեղից էլ սկսվում են հիմնական բոլոր խնդիրները:

 

«Եթե մենք չունենք դատական իշխանության տարանջատում, ապա այդտեղ մարդու իրավունքները կարող են խախտվել՝ քաղաքական իշխանության, ընդհուպ՝ նախագահի կամքով: Մեզ մոտ այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ մարդը պաշտպանված է ո´չ թե օրենքով ու իրավունքով, այլ՝ իշխանության մեջ ունեցած իր դիրքով և իր ֆինանսական միջոցներով, որոնք, ըստ էության, նույնանում են»,-ասաց իրավապաշտպանը:

 

Նա ընդգծեց, որ Հայաստանում խախտվում են բոլոր իրավունքները, որոնք ամրագրված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում:

 

«Եթե հարցումներ անցկացնենք, հատկապես՝ քաղաքական ուժերը և հասարակական կազամակերպությունները կնշեն, որ խախտվում է մեր ընտրական իրավունքը: Ես դրա հետ համաձայն եմ: Խախտվում է նաև արդար դատավարության իրավունքը, որն ամենակարևոր խնդիրներից մեկն է, և այստեղից էլ բխում են մնացած բոլոր իրավունքերը»,-ասաց նա:

 

Ավետիք Իշխանյանը բարձրացրեց նաև մարդկանց խոշտանգումների ենթարկելու արգելման հարցը: Խոշտանգումներն, ըստ նրա, դեռևս շարունակվում են հատապես՝ ոստիկանական բաժանմունքներում ու քրեակատարողական հիմնարկներում: Նրա համոզմամբ՝ սեփականության իրավունքը ևս ոտնահարվում է Հայաստանում:

 

«Գերակա շահ անվան տակ կարող են մարդուց խլել իր սեփականությունը: Այսօր մարդիկ ատամներով կառչած են իշխանությունից և ընտրությունների ժամանակ, հիմնականում՝ իրենց սեփականությունը պահելու համար, պատրաստ են ամեն ինչի, քանի որ իշխանությունն ու սեփականությունը նույնացվում են Հայաստանում»,-ասաց նա և ընդգծեց, որ որքան սոցիալապես անպաշպան ես, այնքան ավելի են խախտվում քո իրավունքները, որքան անձնական միջոցներ ունես և իշխանության հովանոցի տակ ես, այնքան շատ պաշտպանված են քո իրավունքները:

 

Ինչ վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանության հարցում պետության գործադրած ջաքերին, ապա Ավետիք Իշխանյանն ընդգծեց, որ դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Պուտինի այցի կապակցությամբ կազմակերպված բողոքի ակցիան և ոստիկանության պահվածքն ապացուցեցին, որ օրենքը կարող է կատարյալ լինել, բայց այն կիրառվում է միայն՝ իրավական պետության ներսում:

 

«Խաղաղ հավաքների մասին» օրենք, ընդունվել է 2004-ին, բարեփոխվել է 2012-ին, որն այժմ լրիվ համահունչ է միջազգային չափանիշներին և շատ լավ օրենք է: Այդպիսի օրենք նույնիսկ՝ Արևմտյան Եվրոպայի շատ երկրներ դեռ չունեն: Հիանալի օրենք է, բայց չկա օրենքի կիրառելիությունը: Դեկտեմբերի 2-ին՝ Պուտինի այցի օրը, պարզ դարձավ, որ այդ օրնքն առ ոչինչն է, եթե չկա քաղաքական կամք»,-ասաց նա:

 

ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն էլ նշեց, որ վերջին տարիներին այս ոլորտում առաջընթաց ենք ապրել՝ այն առումով, որ քաղաքացիական հասարակության թե՛ ակտիվ խմբերը, թե՛առանձին անձինք կարողանում են պաշտպանել իրենց կամ՝ մեծ խմբերի իրավունքները: Լարիսա Ալավերդյանը միաժամանակ ընդգծեց, որ այն ոլորտները, որտեղ իշխանությունը տարիներ ի վեր ոտնահարել է մարդու իրավունքները, մնացել են նույնքան խոցելի:

 

«Առաջին հերթին՝ կառանձնացնեմ մարդու սոցիալական իրավունքները: Նվազագույն աշխատավարձի շեմը խոսում է ո´չ միայն այն մասին, որ աղքատները շարունակում են մեծ թիվ կազմել մեր երկրում, այլ նաև՝թե որ տոկոսն է, որ կարողանում է ապահովել իր բնականոն ու արժանապատիվ կյանքը: Ես կասեի, որ ¾-ից ոչ պակասն ապրում է նվազագույնի շեմից ցածր»,-ասաց նա:

 

Լարիսա Ալավերդյանն առանձնացրեց նաև տնտեսական իրավունքները և ընդգծեց, որ Հայաստանում այդպես էլ չձևավորվեցին ազատ շուկայական հարաբերություններ:

 

«Ամենակարևորը քաղաքացիական ու քաղաքական իրավունքների՝արդեն աչք ծակող խախտումներն են: Սրանց մեջ աչքի ընկնող են արդար դատավարության իրավունքի խախտումները, որոնց անդրադարձել է նաև՝ Մարդու իրավունքների պաշտպանը:

 

Հավաքներ ու բողոքի ցույցեր անցկացնելու իրավունքի ոտնհարմանը մենք ականատես եղանք դեկտեմբերի 2-ին: Իշխանության պահվածքն ավելի քան զարմանալի էր, քանի որ առանց հիմնավորման բիրտ միջոցներով ոտնհարվեց մարդկանց՝ բողոքը արտահայտելու իրավունքը»,-ասաց նա և ավելացրել, որ այս շղթան երկար կարելի է շարունակել, բայց այսքանն էլ բավական է՝ հասկանալու, որ գործադիր իշխանությունն իր պարտականությունները պատճաշ կերպով չի կատարում:

 

ՀՀ առաջին օմբութսմենն, անդրադառնալով օրենդրական բարեփոխումներին, նշեց, որ դրանք միշտ չէ, որ մարդու իրավունքների պաշտպանությանն են միտված: