ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2013թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ' իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից մոտ 67.5 մլն դրամ հատկացրել ՀՀ առողջապահության նախարարությանը: Նշված գումարը կտրամադրվի գործող երեք տեսչությունների միավորմամբ ստեղծված ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչությանը' մինչև տարեվերջ իր գործառույթներն անխափան իրականացնելու, ինչպես նաև վերակազմավորման և կառուցվածքային փոփոխության արդյունքում աշխատանքից դուրս մնացած անձանց վերջնահաշվարկի և արձակման նպաստի գումարը վճարելու նպատակով: Տեսչությունների օպտիմալացման ծրագրով կմեծանա պետության կողմից ծախսվող միջոցների արդյունավետությունը:

 

Նիստում լրացումներ են կատարվել կառավարության ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, ինչը թելադրված է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի ընդունմամբ, որի նպատական է տեսչական բարեփոխման իրականացմամբ նոր ռիսկի վրա հիմնված ստուգման ներդրումը: Հաստատվել են այդպիսի ստուգման ստուգաթերթերը:

 


Մեկ այլ որոշմամբ ՀՀ առողջապահության նախարարության պետական առողջապահական գործակալության (ՊԱԳ) կենտրոնական ապարատում ստեղծվել է բժշկական օգնության մշտադիտարկման և փորձագիտական գնահատման բաժին:

 

Կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց նպատակն է սոցիալական փաթեթի պարտադիր պայման հանդիսացող ապահովագրության ծառայությունը փոխարինել պետության կողմից տրամադրվող (բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների) առողջապահական փաթեթով, բանկերի կողմից հաշվետվության ներկայացման ժամանակահատվածը բաշխել ամսական, եռամսյակային և տարեկան կտրվածքով և այլն:

 

Փոփոխելով իր նախկին որոշումներից մեկը, կառավարությունը որոշել է փակել հակատուբերկուլոզային այն բաժանմունքները, որոնք հիվանդներով թերծանրաբեռնված են, եղած հիվանդներն էլ ուղեգրվում են Հանրապետական հակատուբերկուլոզային դիսպանսեր: Որոշումը պայմանավորված է ՀՀ մարզերի առողջապահական համակարգերում ընթացող օպտիմալացման ծրագրով և մարզերում մատուցվող բժշկական ծառայությունների որակի, արդյունավետության և մատչելիության բարձրացմամբ: Նույնանման հիմնավորմամբ կառավարությունը որոշել է ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեբուժական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն բաժանման ձևով վերակազմակերպել' ստեղծելով «Նարկոլոգիական հանրապետական կենտրոն», «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն», «Նորք» հոգեբուժական կենտրոն», «Ավան» հոգեկան առողջության կենտրոն», «Նևրոզների կլինիկա» փակ բաժնետիրական ընկերությունները:
«Հայաստանի կույրերի միավորում» ՀԿ անդամ հանդիսացող' աշխատողների միջին ցուցակային թվաքանակի առնվազն 50 տոկոս տեսողությունից հաշմանդամ ունեցող ընկերությունների կանոնադրական գործունեության իրականացման արդյունքում հաշվարկված (հաշվարկվելիք) ԱԱՀ-ի, գործատուի կողմից վճարման ենթակա պարտադիր սոցիալական ապահովության վճարների և եկամտային հարկի գծով մուծված (մուծվելիք) գումարները փոխհատուցելու նպատակով կառավարությունը հատկացրել է ավելի քան 62.5 մլն դրամ: