Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային խորհրդին ուղղված իր ելույթում հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Ուկրաինայի հետ, որը բազմիցս հայտարարել է Մաքսային միության դիտորդ դառնալու պատրաստակամության մասին:

 

Ինչպես հաղորդում է Взгляд թերթը, Պուտինը հիշեցրել է, որ դեռ նախքան Կիևում զանգվածային ակցիաները, Ուկրաինան ցանկություն էր հայտնել ներկա գտնվել ՄՄ բոլոր հանդիպումներին որպես դիտորդ, մասնակցել քննարկումներին:

 

«Մենք ոչ մեկի վզին ոչինչ չենք փաթաթում, բայց եթե մեր բարեկամները ցանկություն ունեն համատեղ աշխատել, մենք պատրաստ ենք շարունակել այդ աշխատանքը փորձագետների մակարդակով»,-ասել է Պուտինը՝ վստահություն հայտնելով, որ եվրասիական ինտեգրման իրական ձեռքբերումները «միայն կբարձրացնեն դրա նկատմամբ հետաքրքրությունն այլ հարևանների, այդ թվում՝ ուկրաինացի գործընկերների կողմից»:

 

Նա նաև ընդգծել է, որ Ուկրաինայի հետ համագործակցությունը «հիմնված է հավասարության և իրական տնտեսական շահերի վրա»:

 

«Մենք հետևողականորեն առաջ կտանենք եվրասիական գործընթացը՝ դա չհակադրելով այլ ինտեգրացիոն նախագծերի, այդ թվում՝ բնականաբար, այնպիսի հասուն ինտեգրացիոն նախագծի, ինչպիսին եվրոպականն է»,-ասել է Պուտինը: