Պաշտոնական այցով Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Թբիլիսիի Հայ առաքելական «Սուրբ Էջմիածին» եկեղեցի:
Թբիլիսիի քաղաքապետ Գեորգի Ուգուլավայի հետ միասին Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել կիրակնօրյա պատարագի արարողությանը:
Պատարագի մատուցման արարողությունից հետո, ողջունելով ներկաներին, Վիրահայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանն իր խորին շնորհակալությունն է հայտնել երկու քաղաքապետերին՝ եկեղեցու և հայ համայնքի հանդեպ ցուցաբերած հարգանքի համար:
Հայկական Հավլաբար թաղամասում գտնվող Հայ առաքելական եկեղեցին, Վիրահայոց թեմի առաջնորդի հավաստմամբ, եկեղեցական արարողությունների և պատարագների ժամանակ մշտապես մարդաշատ է, ինչում համոզվեցին նաև Երևանի և Թբիլիսիի քաղաքապետերը:
Առանձնակի կարևորելով սփյուռքի գաղթօջախներում հայապահպանության գործում Հայ առաքելական եկեղեցու դերն ու նշանակությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Տեր Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանին՝ վիրահայերի ու, մասնավորապես Թբիլիսիի հայ համայնքի համախմբման գործում դրսևորած նախանձախնդրության համար:
Քաղաքապետը նաև նկատել է, որ հայրենիքից հեռու, թեկուզև բարեկամ պետության մեջ ապրող հայերի շրջանում ազգային մշակույթի և ավանդույթների պահպանումն իրոք հեշտ չէ, և այս տեսանկյունից եկեղեցու դերը գնահատել է բացառիկ: Օգտվելով առիթից' նա նաև շնորհակալություն է հայտնել գործընկերոջը հայ համայնքի հանդեպ ցուցաբերած բարի վերաբերմունքի համար:
Տարոն Մարգարյանը նաև վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստակամ է իր լիազորությունների շրջանակում աջակցելու և օժանդակելու Վիրահայոց թեմի հայապահպան նախաձեռնություններին:
Այնուհետ Երևանի քաղաքապետը մտերմիկ մթնոլորտում շփվել է պատարագին մասնակից թբիլիսահայերի հետ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն