ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի հարցազրույցը Մեդիամաքս-ին
- Պարոն նախարար, ո՞րն է պարտադիր կենսաթոշակային համակարգի ներդրման հիմնական նպատակը:
- Հիմնական նպատակն է ներկայումս աշխատող անձի համար ապահովել բարեկեցիկ ծերություն եւ արդարացի կենսաթոշակ, որն ուղղակիորեն կապված կլինի նրա այսօրվա աշխատավարձի մեծության հետ եւ կենսաթոշակի անցնելիս զերծ կպահի անձին եկամուտների կտրուկ անկումից:
- Ինչու՞ կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելու համար հնարավոր չէ կիրառել կամավորության սկզբունքը:
- «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքը ընդունվել է դեռեւս 2010թ.-ին, եւ ավելի քան երեք տարի է' գործում է կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգը: Բացի այդ, վերը նշված նպատակին արագ եւ արդյունավետ հասնելու համար աշխարհի շատ երկրներ ընդունում են պարտադիրության սկզբունքը, որն իր հետ համատեղ առաջ է տանում կամավոր կուտակային համակարգը:
- Քաղաքացիների ամենամեծ մտահոգությունը կապված է գումարների վերադարձելիության հետ: Ի՞նչ գործիքներ են կիրառվելու ներդրված գումարների վերադարձելիությունը երաշխավորելու համար:
- Անհատական հաշիվներում կուտակված կենսաթոշակային միջոցները յուրաքանչյուր մասնակցի անձնական սեփականությունն են, որոնք թափանցիկ են, վերահսկելի եւ կառավարելի հաշվետիրոջ համար:
Կենսաթոշակային միջոցների կառավարման վերաբերյալ ցանկացած որոշում կայացնում է մասնակիցը, ով հնարավորություն ունի ընտրել կամ փոխել այն մասնագիտացված կառավարչին, որն իրականացնելու է իր հաշվում առկա կուտակային կենսաթոշակային միջոցների կառավարումը: Բացի այդ, պետությունը մշակել է երաշխիքների մի ամբողջ համակարգ, որը երաշխավորում է կուտակված միջոցների վերադարձելիությունը կենսաթոշակի անցնելուց հետո: Այդ երաշխիքային համակարգի շնորհիվ մասնակիցը կենսաթոշակի անցնելուց հետո առնվազն կստանա իր իսկ կուտակած միջոցները' ճշգրտված տարեկան գնաճով (ճշգրտումն իրականացվում է յուրաքանչյուր տարի), ինչը թույլ չի տա այդ տարիների ընթացքում կենսաթոշակային հաշվում կուտակված գումարների արժեզրկումը: Մասնակիցը կստանա նաեւ լրացուցիչ միջոցներ, որոնք կձեւավորվեն իր միջոցների' պրոֆեսիոնալ կառավարիչների կողմից տարբեր շահութաբեր ծրագրերում ներդրման արդյունքում ապահովված եկամտաբերության շնորհիվ:
Մասնակցի կողմից կուտակված գումարների վերադարձելիությունը 20%-ով երաշխավորվում է Երաշխիքային ֆոնդի կողմից, իսկ 80%-ով' պետության կողմից: Միեւնույն ժամանակ, ներդրվել են տարբեր մեխանիզմներ (պահառու, արտաքին աուդիտ եւ այլն), որոնք կապահովեն մասնակիցների միջոցների ներդրումները նվազ ռիսկային գործիքներում:
- Կուտակային կենսաթոշակային համակարգին անցումը ենթադրու՞մ է, որ գործատուն աշխատողին վճարելու է վերջինիս աշխատավարձի 95 տոկոսը, թե՞ աշխատակիցներն ինքնուրույնաբար պետք է կատարեն համապատասխան վճարումներն իրենց նախընտրած կենսաթոշակային ֆոնդին:
- Եթե գործատուն հանդիսանում է հարկային գործակալ, ապա իր աշխատակցի համար հաշվարկելու եւ փոխանցելու է նրա անհատական հաշվին կենսաթոշակային վճարները, որոնք այնուհետեւ համակարգի կողմից փոխանցվելու են աշխատակցի կողմից գաղտնի ընտրված ֆոնդին: Եթե գործատուն չի հանդիսանում հարկային գործակալ, ապա յուրաքանչյուր աշխատակից ինքն է հաշվարկելու իր կողմից վճարման ենթակա կուտակային վճարը եւ բանկի միջոցով փոխանցելու իր անունով բացված անհատական կենսաթոշակային հաշվին, որն այնուհետեւ փոխանցվում է նրա կողմից ընտրված ֆոնդին:
- Համակարգի ներդրմանը դեմ են հատկապես ՏՏ ոլորտի աշխատողները, որոնք բարձր աշխատավարձ են ստանում եւ պատրաստ չեն իրենց ամսական եկամտի մի մասը տրամադրել կենսաթոշակային ֆոնդերին: Արդյո՞ք կառավարությունը պատրաստվում է ինչ-որ կերպ արձագանքել այդ ոլորտի ներկայացուցիչների մտահոգություններին: Ամբողջական հարցազրույցը կարդացեք սկզբնաղբյուր կայքում: