Նոր ձևավորվող քննչական կոմիտեի աշխատանքի առանցքը պետք է կազմի մարդու իրավունքների պաշտպանությունը: Այսօր կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում նման տեսակետ հայտնեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ, Միասնական քննչական մարմնի կազմավորման իրավական ապահովման հանձնաժաղովի նախագահ Աղվան Հովսեփյանը:

 

«Քննության ամենակարևոր խնդիրը մարդու իրավունքների պաշտպանությունն է, և շատ կարևոր է, որ քննություն իրականացնող մարմինն իր գործունեության ընթացքում ինքն էլ չխախտի մարդու իրավունքները»,- ասաց Ա.Հովսեփյանը:

 

Ի դեպ, այս մտահոգությամբ առաջնորդվելով' ապագա կոմիտեի կառույցում արդեն իսկ նախանշված է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող աշխատակցի' օմբուդսմենի առկայությունը: Ըստ ամենայնի' նա նաև կլինի ՀՀ ՄԻՊ գրասենյակի հետ քննչական մարմինը կապող օղակ, ինչը, նախաձեռնության հեղինակների համոզմամբ, թույլ կտա առավել արագ և օպերատիվ արձագանքել մարդու իրավունքների խախտման մասին հնարավոր ահազանգերին:

 

Ի դեպ, ինչպես նշեց քննարկմանը ներկա ԵՄ փորձագետ Արենդ Վասթը, ով նաև մասնակցել է օրենսդրական դաշտի ձևավորման աշխատանքներին, «Մինչ օրս քննչական մարմիններում եղել են թե մարդու իրավունքների խախտման դեպքեր, թե կոռուպցիոն երևույթներ, որոնք կոմիտեի ստեղծմամբ հնարավոր կլինի հաղթահարել»:

 

Ինչ վերաբերում է հարցին, թե երբ, ի վերջո, կսկսի գործել քննչական միասնական մարմինը, Աղվան Հովսեփյանը տեղեկացրեց, որ օրենքի նախագիծն արդեն ներկայացվել է կառավարության ընդունմանը:

 

Գործադրից հետո այն պետք է հավանության արժանանա նաև ԱԺ-ի կողմից: Ի դեպ, օրենսդրական փաթեթը համապատասխան փոփոխություններ է ենթադրում շուրջ 17 գործող օրենսդրական ակտերում:

 

 


«Փաստինֆո»