Արթիկ ՔԿՀ-ի քաղբանտարկյալ Արթուր Այվազյանը (Մանախ մականունով) վերջերս դատարանում հանդես էր եկել սկանդալային հայտարարությամբ՝ կապված հոկտեմբերի 27-ի գործի հետ: Գրում է 1in.am-ը:
Արթուր Այվազյանը հայտարարել է, որ 12 տարի շարունակ մասնավոր հետաքննություն է արել և՛ հոկտեմբերի 27-ի գործով, և՛ Գագիկ Պողոսյանի, Վահրամ Խոռխոռունու, Սամվել Առաքելյանի սպանությունների, Արկադի Տեր-Թադևոսյանի դեմ իրականացված մահափորձի վերաբերյալ: Ունի համապատասխան փաստաթղթեր և ապացույցներ: Նա հայտարարել է, որ այդ մարդկանցից սպանվածները սպանվել են հոկտեմբերի 27-ի գործով ինֆորմացիայի տիրապետելու համար, ինչը հիմնավորող ապացույցներ կան: Դատարանը, սակայն, նրա հայտարարությունը չէր ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին:
Մանախը դատարանում նաև հայտարարել էր, որ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետ Աղասի Խաչատրյանը իրեն գործարք է առաջարկել՝ ընդունել, որ ինքն է պատվիրել և կազմակերպել հոկտեմբերի 27-ի գործով կարևորագույն վկաներից մեկի' Սամվել Առաքելյանի սպանությունը, որի դիմաց Աղասի Խաչատրյանը Մանախին խոստացել է ներկայացնել համապատասխան միջնորդագիր պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ: Մանախը, սակայն հրաժարվել էր այդ գործարքից:
Հիշեցնենք, որ վերջինս հիմա դատարանում վիճարկում է պայմանական վաղաժամկետ ազատ արձակման հանձնաժողովի՝ իրեն մերժելու որոշումը: Այվազյանը բնութագրվում է դրական, տույժեր չունի, սակայն հերթական անգամ մերժվել է: Հիշեցնենք նաև, որ մի քանի օր առաջ պայմանական վաղակետ ազատ արձակվեց ՀՀ քրեական հետախուզության նախկին պետ Հովհաննես Թամամյանը, ում մեղքն ապացուցվել էր, և որը դատապարտվել էր 4 տարվա անազատության, իսկ Արթուր Այվազյանին 12 տարի անց դեռևս «համոզում են», որ ընդունի իր մեղավորությունը:
Դատարանում Մանախի կատարած հայտարարության ձայնագրությունն այստեղ: