Անդրադառնալով Տարոն Մարգարյանի դիսերտացիայի պաշտպանության ընթացքում տեղի ունեցած հայտնի դեպքերին՝ Հայաստանի Պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը Lurer.com-ի հետ զրույցում ասաց.

 

«Ցավով արձանագրեմ, որ այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տհաճ միջադեպեր տեղի ունեցան: Այս միջադեպերի առաջացման հարցում համալսարան ժամանած լրագրողներից ոմանք և, ցավոք, նաև մեր որոշ ուսանողներ իրենց «լուման» ունեցան:

 

Տնտեսագիտական համալսարանը քաղաքականության և քաղաքական ամբիցիաների վայր չէ:Մենք՝ ինչպես յուրաքանչյուր պետական ԲՈՒՀ, ունենք մեր ներքին կարգապահական կանոնները, որոնք, ցավոք սրտի, այսօր քանիցս խախտեցին որոշ լրատվական միջոցներ, իհարկե, պարսավելի է մեր որոշ ուսանողների արձագանքը որոշ լրագրողների սադրանքներին:

 

Մենք մեր ուսանողների հետ բացատրական աշխատանքներ կտանենք, բայց, անկեղծ լինենք, որ այսօրվա, այսպես կոչված որոշ լրագրողների սադրիչ պահվածքին երբեմն չեն դիմանում անգամ փորձառու քաղաքական գործիչները: Էլ ի՞նչ պահանջենք մեր ուսանողներից, որոնց առաջին ծանոթությունը լրատվական դաշտում ցավոք ոչ թե Հայաստանի լրագրության փայլուն ներկայացուցիչների հետ էր, որոնց անունները կարող ենք թվարկել, այլ մարդիկ, ովքեր դիտավորյալ եկել էին ապակայունացնելու և սադրելու իրավիճակը:

 

Տարոն Մարգարյանի թեկնածության թեզի պաշտպանությունն անցել է Հայաստանում գործող ընթացակարգերին համապատասխան: Թեզը կուղարկվի ԲՈՀ (բարձրագույն որակավորման հանձնաժողով), և սահմանված կարգով կքննվի: Իհարկե, հետաքրքրությունը բնականոն մեծ էր, քանի որ պաշտպանում էր Երևանի քաղաքապետը, ով ընտրվեց մայիս ամսին ձայների մեծամասնությամբ, սակայն էմոցիաները պետք է կառավարել: Մաքսիմալ պետք է զերծ մնալ սադրանքներից և էմոցիաներին տրվելուց»: