ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը սովորույթի համաձայն նոր տարվա բացիկներ է նախապատրաստել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի և ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի, որոնք, ըստ նրա, «խորը իմաստ են պարունակում»։

 

«Ոտքերը կապած գառնուկ» նկարով բացիկը նախատեսված է ՀՀ վարչապետի համար։ «Դուք էլ կարող եք մեկնաբանել, թե ինչ խորհուրդ ունի: Ուղղակի բացիկի ներսում պետք է գրեմ՝ «Շնորհավոր Ձեր Նոր տարին». այսքանը կգրեմ Տիգրան Սարգսյանին, մնացածը թող ինքն իր ձևով մտածի՝ մեկնաբանի, թե ինչ է սա նշանակում»,-ասաց նա։

 

ԱԺ նախագահի համար պատրաստված նկարում աքաղաղ է, որի ոտքը կապել և կախել են գլխիվայր։ «Այն ինչ-որ տեղի է ունենում մեր կյանքում, հասարակության մեջ, այսպիսի անդրադարձ կարող է ունենալ յուրաքանչյուրի համար։ Կտավը պահվում է Պադուայի թանգարանում: Մարդիկ, երբ նման պատկեր են փոխանցել, իրականում ցույց են տվել, որ այսպիսի իրավիճակում կարող է հայտնվել յուրաքանչյուր մարդ»,-ասաց նա։

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի համար ԱԺ պատգամավորը պատրաստել էր միջին դարերի կտավներից։ «Այս նկարն այն մասին է, որ այդ ժամանակահատվածում մարդկանց փորձում էին համոզել, որ դուք չեք հասկանում, ձեր գլխում կան հիմարության քարեր և դրանք պետք է վիրահատել և հանել։ Իսկ այդ քարերը վիրահատողները և հանողները պարզապես խաբեբաներ էին։ Այսօրվա գործող իշխանությունը բռնազավթած անձինք էլ նույն են ասում, որ դուք չեք հասկանում, հիմար եք, չեք հասականում պետական շահը, ինչից օգուտ կարող ենք ունենալ։ Նույնը Սերժ Սարգսյանն ասում էր ՄՄ-ի մասին, թե չեք հասկանում, ինչ օգուտներ պետք է ունենանք ՄՄ մտնելով»,-ասաց նա և նշեց, որ հասարակությունը հիմար չէ, ուղղակի փորձում են հիմարի տեղ դնել։

 

Նույն նկարով բացիկը Զարուհի Փոստանջյանը կուղարկի նաև ՍԴ նախագահին, ինչը նա պարզաբանեց, որ իր համոզմամբ՝ Սերժ Սարգսյանը և Գագիկ Հարությանը ներկայացնում են նախկին խորհրդային ԿԳԲ-ն։

 

«Եերբ այդ բոլոր փաստաթղթերը գնացել են ՍԴ և իր կողմից ստացել են լեգիտիմության կնիքը։ Ես հավասար եմ համարում Գագիկ Հարությունյանի՝ հայ ժողովրդին տված վնասը Սերժ Սարգսյանի պատճառած վնասի հետ»,-ասաց նա։