Կիրակնօրյա նոթեր

 

«Նրանք մեղադրվում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 299-րդ (պետական դավաճանություն) և 300-րդ (պետական իշխանության յուրացում) հոդվածների հատկանիշներով»։

 

Նոթի վերնագիրն ու առաջին պարբերությունը ներշնչված են Թուրքիայում կաշառակերության մեղադրանքով 37 պաշտոնյաների ու նրանց ազգականների ձերբակալության մասին լուրով։ Ինչքան վաղուց է, որ աչքներս նման լուրի է Հայաստանում, բայց չենք արժանանում։ Վերջին առիթը Հայռուսգազարդի պայմանագիրն էր։

 

Մյուս կողմից, ո՞վ պետք է իրականացներ հանրության բյուրեղյա երազանքը։ ԱԱԾ-ը՞, որ իր հիմնադրման տարեթիվը նույնացնում է բոլշևիկյան «չեկայի» հետ՝ մի կազմակերպության, որի ձեռքերն ամենաշատն է թաթախված սեփական ժողովրդի արյամբ անվտանգության մարմինների պատմության մեջ (20-30 միլիոն մարդ)։ Նույն ԱԱԾ-ը, որի սպաների ծերությունն ապահովում է ՌԴ-ը՝ էնտեղից են թոշակ ստանում, մեր աշխատավարձերից մի քանի անգամ շատ։ Ուրիշ ի՞նչ է պետք նրանցից առնվազն ազդեցության գործակալ սարքելու համար… Վեստ Սարգիսն էլ դավաճան չէր ծնվել՝ նա XI-րդ դարում հսկայական թոշակ էր ստանում Բյուզանդիայից «վեստի» տիտղոսի համար, որի պատճառով էլ դարձել էր կայսեր «ազդեցության գործակալ» ու, Պետրոս Գետադարձի նման, մրցում էր իր կարողությամբ Անիի թագավորի հետ։

 

Ոստիկանությու՞նը, որ իր արհեստավարժությունը (կամ անարհեստավարժությունը) դրսևորում է՝ խանգարելով մի խումբ մարդկանց (4-500 հոգի) հրապարակային գործողությունները, ում սիրտը ցավում է Հայաստանի ապագայի համար։

 

Դատական համակա՞րգը, որտեղ մնացել է մենակ կաշառքի սակագները պատերին կպցնեն՝ ինչպես պարզ դարձավ Մարդու իրավունքների պաշտպանի ելույթից։

 

Ի դեպ, հհկ-ականները փաստեր էին պահանջում ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանից։ Իբր չգիտեն, որ եթե չկա ԿԱՄՔ առ արդարադատություն, ստալինյան վիժվածքների հետնորդները կարող են մարդկանց դատել, ոնց կուզեն։ Ովքեր մոռացել են կամ չգիտեն, Ստալինի մահից մինչև 1962 թիվը արդարացվել է 1.197.847 մարդ http://warrax.net/89/10/repress.html, ովքեր «բավարար փաստեր չեն ներկայացրել» էն ժամանակվա հհկ-ականներին։

 

Փոխարենը կարող ենք հպարտանալ, որ մեր երկրում անցած շաբաթներին սոցիալական հակամարտության նոր տեսակ առաջ եկավ՝ «Լրագրողներն ընդդեմ խուժանապետության»։ Էսօր մենակ լրագրողներն են, որ հնարավորություն ունեն հանրության կարծիքն ասել Հայաստանի հ ա կ ա պ ե տ ա կ ա ն կուսակցության անդամների երեսին, և նրանք օգտվեցին էդ իրավունքից։ Նրանք պաստառներ պարզեցին ԱԺ-ում, որտեղ էդ օրը Հայաստանի ինքնիշխանությունը նետվում էր ռուսական մի ընկերության ոտքերի տակ։

 

Դեկտեմբերի 28-ին լրագրողներին ընդունեց ու նրանց իր հերթական սովետական-ուսմասվարական ճամարտակությունն ուղղեց Հովիկ Աբրահամյանը։ Երևի դրա համար են նրան ԱԺ նախագահ ընտրել, որովհետև դեռ կարողանում է խուսափել խուժանապետության պաշտոնական՝ «քուչի» լեզվից, որին խորհրդարանի դահլիճում դիմեցին Կարեն Կարապետյանն ու Շմայսը։ Էս վերջինը վիրավորվել էր, որ իրեն «դավաճան» էին կոչել։ Շատ իզուր, նա դավաճան չէ, ուղղակի չի նայել հայելուն։ «Էդ դեմքով… տնից դուրս չեն գալիս» (Սերգեյ Դովլաթով)։ Եթե տնից դուրս չգար, ոչ մի ուրիշ բան էլ չէր պատահի՝ ո´չ մեզ, ո´չ իրեն… Ես դեմ եմ մարդու արտաքինը քննարկելուն, բայց երևի կան դեպքեր, երբ գործ ունենք «կարմայի անեծքի» հետ, ինչպես պնդում է իմ լավ մի բարեկամուհին։

 

Հհկ-ական պատգամավոր Բադեյանն էլ, ում բիզնեսը «Եվրոստան-ույուտն» է, որ հիմա երևի կփոխի «Ռուսաստան-ույուտ»-ով, սիրում է լրագրողների մասնագիտական որակները կասկածի տակ առնել, վերջերս՝ «քուչի»։ Մեկը հարցնի՝ եթե հեռուստատեսության 100, իսկ մնացած լրատվամիջոցների 90 տոկոսը խուժանապետության վերահսկողության տակ է, ումի՞ց է պետք որակ պահանջել։ Իսկ եթե հանկարծ լրագրողները պահանջեն պատգամավորական ատեստացիա անցկացնե՞լ։ Քանի ԱՆԳԱՄ կկրճատվի հհկ-ական պատգամավորական ցուցակը՝ 10, թե՞ 20։

 

Ինձ համար տարօրինակ էր, որ լրագրողական շրջանակներում քննարկում եղավ՝ իրավունք ունեի՞ն լրագրողները քաղաքացիական դիրքորոշում արտահայտել մասնագիտական պարտքը փոխանակ լուռումունջ կատարելու։ Իմ կարծիքով, խուժանապետությանը պետք է որոշ ձևականություններ պահպանել («ԱԺ նախագահն ընդունել է լրագրողներին»), որ շարունակի որպես իշխանություն հանդես գալ, բայց Հայաստանի ազատ քաղաքացիների ինչի՞ն են պետք ձևականությունները։

 

Մեկ տարում ՀՀ-ից 250.000 մարդու՝ բնակչության 10 տոկոսի արտագաղթը միայն բավական է, որ նույնիսկ «մաքուր» ընտրություններով, ասենք, ձայների 80 տոկոսով ընտրված իշխանությունը լեգիտիմությունը կորցնի։ Իսկ ոչ օրինակարգ իշխանության դեմ օրինական միջոցներով պայքարելը վերածվում է անհեթեթության ։
Երևի խուժանապետության հաջորդ քայլն էն լինի, որ ԱԺ նիստերը փակ անեն։ Ինչպես որ գազային գործարքի փաստաթղթերն են թաքուն պահում տարիներ շարունակ, 24-ը՝ 25-ից (Ու ոչ մի լրատվամիջոց կամ կուսակցություն դատի չի տալիս, որ խախտվել է տեղեկություն ստանալու մարդու հիմնարար իրավունքը)։ Ինչպես որ փակ դռների հետևում թեկնածուական թեզ է պաշտպանում... Երևանի քաղաքապետը։

 

Երևի ճիշտ էլ կանեն։ Մեկ է, իրենց սև գործն անում են. գոնե մարդկանց ներվերը մի քիչ ավելի հանգիստ կլինի։
Մինչև նորությունները մեզ հայտնեն. «Հայաստանում ձերբակալվել են մի շարք նախարարներ, մի քանիսն էլ հրաժարական են տվել։ Նրանք մեղադրվում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 299-րդ (պետական դավաճանություն) և 300-րդ (պետական իշխանության յուրացում) հոդվածների հատկանիշներով։ Ձերբակալությունները շարունակվում են»...

 

Էս էլ ձեզ իմ ամանորյա մաղթանքը։ 

 

Վահրամ Մարտիրոսյան