ՀՀ ոստիկանության կոլեգիայի և իմ անունից Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ շնորհավորում եմ ոստիկանության անձնակազմին, մեր ծառայակիցների ընտանիքներին, մեր քաղաքացիներին: Ոստիկանության հանդեպ օրըստօրե ամրապնդվող հասարակական հավատն ու վստահությունը հավաստում են, որ համակարգի արմատական բարեփոխումն այլընտրանք չուներ, և անցնող տարին հաստատեց ոչ միայն այդ գործընթացների անշրջելիությունը, այլև վերափոխումների՝ հանրային պահանջ լինելը:

 

Մեզ վստահողների թիվն աճել է, միևնույն ժամանակ, ոստիկանության նպատակային ու հետևողական ձեռնարկումների շնորհիվ, բարձրացել է մեր գործունեության հանրային վերահսկողության աստիճանը: Սա է հասարակություն-ոստիկանություն փոխվստահության բանաձևը, որը քաղաքացիների հետ համագործակցությունը վերածում է համատեղ աշխատանքի՝ հանցավորությանը հակազդելու, հասարակական կարգի պահպանման, քաղաքացիների իրավունքների լիարժեք իրացումն ապահովելու գործում:

 

2013 թվականը նաև ոստիկանության պրոֆեսիոնալ, կառուցվածքային ու գործառնական բարեփոխումների ամրագրման ու խորացման տարի էր: Մենք հրաշալի հասկանում ենք, որ հանրային պահանջը կատարելու, մեր քաղաքացիների ակնկալիքներն արդարացնելու համար անհրաժեշտ է նոր ոստիկանություն՝ գաղափարախոսությունից մինչև համազգեստ, և այդ ուղղությամբ արվող քայլերը որքան ուղղված են ներկային, բազմապատիկ՝ ապագային են միտված, որտեղ տեսնում ենք մեր զավակների ու թոռների, մեր երկրի ոստիկանությունն ու օրենքի պահպանին, ում մեջ երկխոսում են քաղաքացին ու ոստիկանը:

 

Իհարկե, մենք դեռ ճանապարհի սկզբին ենք, բազմաթիվ են խնդիրները, և յուրաքանչյուրի լուծումը նոր խնդիրներ է ծնում, քիչ չեն թերությունները, նաև՝ սխալներն ու վրիպումները, դժվարությամբ են տեղի տալիս իրենց դարն ապրած մտածողությունն ու գործելակերպը, կան ոստիկանի կոչմանն անարժաններ, որոնցից ինքնամաքրվող ու կատարելագործվող համակարգն ազատվում է և, համոզված եմ, կհաղթահարի բոլոր խոչընդոտները՝ անշուշտ, հասարակության ամենօրյա օգնությամբ և աջակցությամբ:

 

Ոստիկանությունը միշտ քաղաքացու կողքին է և ունենալով նույնպիսի հանրային զորակցություն՝ ավելի արագ ու արդյունավետ կիրականացնի նախանշված բարեփոխումները: Անցնող տարին կրկին հաստատեց ճշմարտությունը, որ նպատակն իրագործում է հավատավորը, հասարակության վստահությունն ու աջակցությունը վայելողը, իր կոչմանն արդարամտորեն ու անմնացորդ ծառայողը:

 

Սա մեր ընտրած ուղին է, և ոստիկանությունը գալիք տարում ու տարիներին էլ հավատարիմ է լինելու իր առաքելությանը՝ ծառայելով օրենքին՝ ծառայել ժողովրդին: Շնորհավոր Սուրբ Ծնունդ: Շնորհավոր մեր Տիրոջ Սուրբ Ծննդով իմաստավորված ու պայծառացած Ամանոր: Աստված ձեզ պահապան:

 

 

Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆ

ՀՀ ոստիկանության պետ,

գեներալ-լեյտենանտ