Tert.am-ի զրուցակիցն է «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը, ով հավատում է Ձմեռ պապին, և ում համար Նոր տարին խորը մարդկային տոն է: «Համեմատելով 1992-93 թվականների հետ, երբ լույս չկար, ցուրտ էր շատ, այսօր ինչ-որ առաջխաղացում եղել է, բայց շատ կարևոր բաներ կորցրել ենք. մեր մարդկային էությունը»,- կարծում է նա:

 

-Ի՞նչ խորհուրդ ունի Նոր տարին Ձեզ համար:

 

-Նոր տարին խորը մարդկային տոն է, որովհետև դա կապված է Քրիստոսի ծննդի հետ, և Քրիստոսն այն էությունն է, որը միշտ խաչվում է և միշտ վերակենդանանում: Սա մարդու էության կարևորագույն օրն է: Այդ իմաստով Քրիստոսի խորհուրդը շատ խորն է և Նոր տարին էլ այդ խորհուրդներից մեկն է: Այդ տեսակետից ես մեր խաչված ժողովրդին և բոլորիս ցանկանում եմ, որ այդ հարությունն անպայման այս նոր տարում կայանա: Դա միշտ կայանում է, մարդու էությունն է այդպես, բայց շատ կարևոր է, որ մարդն ինքը զգա, որ վերակենդանանում է: Սա է Նոր տարվա իմ ցանկությունը:

 

Ուսանող տարիներին այլ էր, բայց բոլոր դեպքերում դա խորը մարդկային տոն է, ընտանեկան տոն է, այսինքն՝ մարդիկ ջերմության ամենանեղ շրջանակում են անցկացնում. ընկերներ, բարեկամներ և այլն, որովհետև միասին են փորձում այդ նորի որակը ձեռք բերել: Եթե դա չկա, ինչ էլ որ լինի, միևնույնն է, դատարկ է:

 


-Առաջին հերթին ի՞նչ է պետք հայ ժողովրդին 2014-ին:

 

-Սովորաբար առարկայական հասկանում են նոր ավտոմեքենա, աթոռներ, կոկորդիլոսներ վերջպես, բայց այդ ամենը ոչ մի նշանակություն չունի, մարդը կարող է ոչինչ չունենալ այդ ամենից, բայց իրեն մարդ զգա: Օրինակ՝ մենք շատ ծանր տարիներ անցկացրինք պատերազմի տարիներին, բայց այն ժամանակ ամեն մեկն իրեն մարդ էր զգում և գիտակցում էր, թե ինչ կարևոր իրադարձություններ են իր շուրջը ծավալված: Հետո շատ բան ունեցանք, ինչպես այսօր է՝ չնայած հիմա ընչազրկությունը հսկայական է, բայց համեմատելով 1992-93 թվականների հետ, երբ լույս չկար, ցուրտ էր շատ, ինչ-որ առաջխաղացում եղել է, բայց շատ կարևոր բաներ կորցրել ենք՝ մեր մարդկային էությունը, ամենակարևորը դա է, մնացած ամեն ինչն անցողիկ է:

 

-Ո՞րն է եղել Ձեր կյանքի ամենահիշարժան Նոր տարին:


-Ամենան չեմ կարող ասել որն էր, բայց կարող եմ ասել, որ շատ բարդ և ծանր, մահվան խորհուրդն իր մեջ պարունակող Նոր տարին 1988-89 թվականների Նոր տարին էր: Սարսափելի տառապանքներ, սարսափելի բաներ՝ կապված մեր փախստականների խմբերի հետ, «Ղարաբաղ» կոմիտեի և շարժման շատ ակտիվիստների ձերբակալությունը…

 

-Հավատո՞ւմ եք Ձմեռ պապին:

 

-Ձմեռ պապին շատ կարևոր պապիկ է, ես քանի որ երկար տարիներ աշխատել եմ երեխաների հետ, նա այդ Նոր տարվա խորհրդանիշն է մանուկների համար, իսկ քանի որ Քրիստոսը միշտ հիշատակում էր մարդկանց, որ եղեք ինչպես երեխաները, ապա Ձմեռ պապը կարևոր է մարդու համար կյանքի ողջ ընթացքում: Այն, ինչ ես ասացի, հենց հավատի դրսևորում է: