Հունվարի 6-ին' Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնին, Մայր Աթոռ Սբ Էջմիածնում Սբ պատարագ մատուցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Պատարագի սկզբում եկեղեցականների թափորն Ամենայն հայոց կաթողիկոսին և Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին ամպհովանիով առաջնորդեց Մայր տաճար: Ամպհովանին կրում էին ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Էլբակյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Տիգրան Ներսիսյանը, սուդանահայ բարերար Հրաչ Մարտիկյանը և արվեստաբան Հրավարդ Հակոբյանը: Արմեն Էլբակյանի և Տիգրան Ներսիսյանի ամպհովանակիր լինելը մասնավոր քննարկման և նաև քննադատության նյութ դարձավ վերջին օրերին սոցցանցերում, նաև մի շարք ԶԼՄ-ներում: Այս հարցերի պարզաբանման համար Tert.am-ը դիմեց Ամենայն հայոց կաթողիկոսի մամլո խոսնակ Տ. Վահրամ քահանա Մելիքյանին:

 

- Ի՞նչ է նշանակում ամպհովանին և եկեղեցական ի՞նչ խորհուրդ ունի:

 

- Հայ առաքելական եկեղեցու ավանդույթի համաձայն' ամպհովանին գործածվում է եկեղեցական մեծահանդես հայրապետական թափորների ժամանակ' իբրև Աստծո հովանու ներկայություն և առաջնորդություն' այնպես, ինչպես աստվածաշնչյան ամպի սյունը, որը հրեա ժողովրդին եգիպտական գերությունից առաջնորդեց դեպի ավետյաց երկիր: Հայրապետական թափորների ամպհովանակիրներ են լինում ժողովրդի տարբեր դասերի պատվարժան ներկայացուցիչները: Գարեգին Բ կաթողիկոսի հայրապետական ընտրությունից ի վեր ամպհովանի կրելու պատվին են արժանացել Հայաստանի ու սփյուռքի մի քանի տասնյակ ճանաչված հայորդիներ' ազգային բարերարներ, պետական ու հասարակական գործիչներ, գիտության և մշակույթի ներկայացուցիչներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, մտավորականներ:

 

Ինչպես Վեհափառն իր խոսքերից մեկում ժամանակին նշել է, Հայոց հայրապետի կողքին մշտապես կանգնած են եղել մեր ազգի անվանի ու մեծավաստակ զավակներ' խորհրդանշելով հայ եկեղեցու և հայ ժողովրդի միջև անքակտելի այն միությունը, որ մեզանից յուրաքանչյուր ոք պարտավոր է պահել ու ամրապնդել: Այս խորհուրդն ի մտի և այս գիտակցությամբ պետք է մոտենալ ամպհովանակրի հանգամանքին և առաքելությանը:

 

-Թերևս լրատվամիջոցներով չափազանց հախուռն արձագանքվեց Արմեն Էլբակյանի և Տիգրան Ներսիսյանի ամպհովանակիր լինելը: Ինչո՞ւ հասարակությունն այդպես բացասական ընդունեց այս երևույթը:

 

- Նախ՝ համաձայն չեմ, որ հասարակությունը բացասական է ընդունել Տիգրան Ներսիսյանի և Արմեն Էլբակյանի ամպհովանակիր լինելը: Պարզապես կան մարդիկ, ովքեր բացասական են արտահայտվել, իսկ թե ինչու՝ թողնում եմ իրենց խղճին և հասարակության դատին:

 

-Իսկ միգուցե աղմուկի պատճառը եղավ այն, որ ժամանակին Էլբակյանն ու Ներսիսյանը մեղադրվում էին աղանդավոր լինելու մե՞ջ:

 

-Գիտեք, դյուրին է մարդկանց պիտակավորելը: Նման իրավունք, սակայն, ոչ ոքի վերապահված չէ, ավելին' մեծամտություն է սեփական արատները անտեսելով փորձել այլոց նսեմացնել: Ես՝ որպես Նորին սրբության մամլո խոսնակ, համոզված կարող եմ ասել, որ պրն Էլբակյանը և պրն Ներսիսյանը մեր եկեղեցու զավակներ են' բարեպաշտ անձեր և ուրախություն է, որ եկեղեցին ունի նման զավակներ: Նրանք ևս իրենց համարում են Հայ եկեղեցու զավակներ: Մնացյալը այլևս անիմաստ և անհիմն ենթադրություններ են:

 

Ամենայն հայոց հայրապետի կողմից, նկատի ունենալով նրանց վաստակը ազգային հայրենական կյանքում, հրավեր է ուղղվել՝ լինելու Հայրապետական պատարագի ամպհովանակիր: Առ այսօր, փառք Աստծո, չի եղել որևէ անձ, որ հրաժարված լինի մեծագույն այդ պատվից և բոլորն էլ, այդ թվում և նրանք, որդիական պատրաստակամությամբ իրենց մասնակցությունն են բերել Հայ եկեղեցու ծիսաարարողական կյանքին նաև այս առումով:

 

- Ոմանք ասում են, որ կանոնական խախտում է, երբ նախագահը կանգնում է ամպհովանու տակ:

 

- Ոչ մի կանոնական խախտում չկա և այս առումով ամեն ինչ հստակ է: Ամենայն հայոց կաթողիկոսի հետ ՀՀ նախագահի' հայրապետական ամպհովանու ներքո վեհարանից Մայր տաճար քայլելու մեջ որևէ անպատեհություն չկա, չի կարող լինել նաև որևէ տարըմբռնում: Դա ձևավորված գեղեցիկ ավանդույթ է, որը գեղեցկությունից ավելի նաև խորհրդանշական է. ընդգծում է հայոց աշխարհի միությունը իր ազատ ու անկախ հայրենիքով, ազգային եկեղեցով և աշխարհասփյուռ ժողովրդով: Եվ սա պետք է գնահատել և փայփայել: Իսկ երևույթի մասին մեկնաբանությունները, կարծում եմ, պետք է քննել և դիտարկել Սբ Ծննդյան տոնին տրված Վեհափառ հայրապետի պատգամի լույսի ներքո. «Չարի խաբեպատիր ընթացքները զորանում են, երբ մարդը հեռանում է Քրիստոսի ուսուցանած սկզբունքներից' կյանքը լցնելով կեղծիքներով ու խեղաթյուրումներով: Այսպես է, որ իրողությունների ներկայացումը ձևափոխվում է բանսարկության և անճիշտ գնահատականների»: