Ավտոմեքենայով «Շանթ» ռեստորանային համալիր մխրճված Սամվել Ղարիբյանի առողջական վիճակը գերազանց է: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մուրադյանը հավելելով, որ Ղարիբյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, սակայն այսօր կտեղափոխվի հիվանդասենյակ:
Հիշեցնենք, որ երեկ ժամը 14:30-ի սահմաններում, «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգել են ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել Երևանի բնակիչ Սամվել Ղարիբյանը: Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի' դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ Ս.Ղարիբյանն իր կողմից վարած Volkswagen Touran մակնիշի ավտոմեքենայով մեծ արագությամբ Ջանիբեկյան փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, կոտրել մուտքի դուռը, այնուհետև մտել է «Շանթ» ռեստորանային համալիրի տարածք և կոտրել բարմենի սեղանը և գույքը:
Բախման հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, որտեղ մեկնած ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննիչին հայտնել է, որ ինքը միտումնավոր չի մխրճվել «Շանթ» ռեստորան, «աչքերի դեմը սևացել է» և չի կարողացել կառավարել ավտոմեքենան: