Tert.am Մենք բազմաթիվ միջոցառումներ ենք ձեռնարկում, որպեսզի կանխարգելենք սահմանի վրա զինված ուժի կիրառումը: Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ փոքր տիպի խախտումներ, փոխհրաձգություններ կամ այլ տիպի ոտնձգությունները միշտ եղել են, բայց ձմռան ամիսներին դրանք կտրուկ նվազել են:

 

«Նվազել են նաև այն պատճառով, որ վերջին երկու ամիսների ընթացքում մենք բացառեցինք մեր կողմից ցանկացած պատասխան, որպեսզի հակառակորդին էլ հանդարտության կոչ անենք, բայց փորձը ցույց է տալիս, որ այդպիսի դեպքում նրանք ավելի են լկտիանում, իսկ լկտիներին պետք է պատժել»,-ասաց նա:

 

Նախարարը նաև տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ նորություններ չկան ադրբեջանական գերության մեջ գտնվող հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի գործից: «2013թ-ի վերջին այդ հարցին անդրադարձ է կատարվել Անհայտ կորածների, պատանդների ու գերիների հարցերով հանձնաժողովի նիստին: Մենք կշարունակենք միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքները, որպեսզի Ինջիղուլյանին հայրենիք վերադարձնենք»,-ասաց նա: