Հայկական ժամանակ օրաթերթը հղում անելով Global Financial Integrity կազմակերպության տվյալին, գրում է, որ Հայաստանից վերջին տասը տարիներին ապօրինի արտահոսել է ավելի քան 6 միլիարդ դոլար, ինչը տարեկան կազմում է մոտ ավելի քան 600 միլիոն դոլար:

 

Կարելի է պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե այդ 6 միլիարդ դոլարը ներդրվեր Հայաստանում: Սակայն այստեղ ներդրման հարցից առաջ մեկ այլ հարց է՝ որտեղից այդ 6 միլիարդ դոլարը եւ ինչպես է այն արտահոսել ապօրինաբար: Այսինքն, խոսքն այստեղ ոչ թե Հայաստանի կորցրած հնարավորությունների, այլ Հայաստանի կողոպուտի մասին է՝ այդ փողը ոչ միայն չի ներդրվել Հայաստանում եւ գեներացրել տնտեսությունը, այլ նաեւ փաստացի Հայաստանից դուրս է բերվել ապօրինի, ինչը նշանակում է, որ դուրս բերող մարդիկ լուրջ խնդիրներ են ունեցել եւ ունեն այդ փողի օրինականության հետ կապված:

 

Թեեւ հրապարակված չեն հստակ տվյալներ, թե հատկապես ուր է արտահանվել այդ հսկա կապիտալը, բայց կասկած չկա, որ արտահանման հասցեներն են զանազան օֆշորները եւ Ռուսաստանը, որտեղ Հայաստանի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ եւ օլիգարխներ ունեն պատկառելի բիզնես ներկայացվածություն:
Այդ տեսանկյունից հատկանշական էր ամիսներ առաջ հրապարակված տեղեկությունը, որի աղբյուրը Ռուսաստանի այսպես կոչված հակակոռուպցիոն խորհուրդն էր: Այդ խորհրդի ներկայացուցիչը հայտարարել էր, որ ունեն բազմաթիվ տվյալներ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ֆինանսական մեքենայությունների վերաբերյալ, որոնք տանում են դեպի Ռուսաստան:

 

Այլ կերպ ասած, դա Հայաստանի իշխող համակարգի հանդեպ Ռուսաստանի ունեցած կոմպրոմատն է:
Հիշարժան է, թե ինչպես էր Ուկրաինայի ընդդիմության պատգամավորներից մեկը հայտարարել, որ Պուտինը Յանուկովիչի եւ Սերժ Սարգսյանի հանդեպ որեւէ ճնշում բանեցնելու հարկ չի էլ ունեցել, այլ պարզապես նրանց առաջ է դրել կոմպրոմատների տրցակն ու առաջարկել ընտրություն՝ կամ հրաժարում Եվրոպայից, կամ կոմպրոմատների հրապարակում:

 

Միեւնույն ժամանակ, կասկած չկա նաեւ, որ Հայաստանի իշխանության ֆինանսական մեքենայությունների մասին տվյալների հարուստ բազա կլինի նաեւ Արեւմուտքում: Մի քանի ամիս առաջ եղավ «օֆշորային» տվյալների միջազգային բավական ծավալուն արտահոսք, թե ով ինչ փողեր ունի օֆշորում: Այդ արտահոսքը բացահայտեց Իլհամ Ալիեւի ներկայությունը այդ գոտիներում, նրա ֆինանսական մեքենայությունների հսկա ծավալները:
Ոչ մի կասկած չկա, որ օֆշորային «արտահոսքերը» ցանկացած պահի կարող են շարունակվել, ինչպես նաեւ կասկած չկա, որ արդեն իսկ եղածների մեջ եղել են նաեւ Հայաստանի մի շարք պաշտոնյաներին վերաբերող տեղեկություններ, որոնք սակայն խնամքով պահվել են Հայաստանի եվրաասոցացման քաղաքականության դիմաց: Այդ քաղաքականությունը տապալվել է ռուսական կոպիտ միջամտությամբ, եւ մեծ է հավանականությունը, որ միջազգային օֆշորային հավանական նոր բացահայտումներում տեղ կգտնեն նաեւ հայաստանյան անուններ:

 

Հայաստանում ֆինանսական մեքենայությունների դասից առայժմ բացահայտվել է միայն վարչապետ Տիգրան Սարգսյանին վերաբերող օֆշորային պատմությունը: Ֆինանսական մի պատմության մեջ էլ Վարդան Օսկանյանն էր հայտնվել դրանից առաջ, սակայն այդ պատմությունը Հայաստանի իրավապահները բացելով ընտրական փուլից առաջ, այդ փուլից հետո էլ փակեցին: Տիգրան Սարգսյանի պատմությունը դեռ շարունակվում է: Կասկած չկա, որ այն Հայաստանի իշխանության նախկին ու ներկա ներկայացուցիչներին վերաբերող առաջին ու վերջին, միակ պատմությունը չէ:

 

Օրինակ, այդ տեսանկյունից հատկապես հիշարժան է Գոլդեն Փալաս հյուրանոցի շինարարության պատմությունը: Հյուրանոցի բացմանը այդ ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, թե ինքը վստահ է եւ տեղյակ, որ հյուրանոցը օտարերկրյա ներդրում է եւ Հայաստանի իշխանական շրջանակի հետ կապ չունի: Ներդրող ընկերությունը օֆշորային Կիպրոսից էր: Օրեր անց, կապի ու տրանսպորտի փոխնախարար, տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանի եղբայր Հայկ Ճշմարիտյանը խոստովանեց, որ ներդրողն ինքն է:

 

Հայաստանից ապօրինաբար արտահանված 6 միլիարդ դոլարն իհարկե այդ ընթացքում անկասկած ինչ որ չափով վերադարձել է Հայաստան: Այսինքն, շրջանառվել է Ռուսաստանում կամ օֆշորներում եւ արդեն այսպես ասած օրինական կերպով վերադարձել Հայաստան: Այլ կերպ ասած, աշխարհում Հայաստանի իշխանության վրա կա 6 միլիարդ դոլարի կոմպրոմատ: Այսինքն, դա փաստացի նշանակում է, որ Հայաստանի իշխող համակարգի փաթեթն արժե 6 միլիարդ դոլար, որի բաժնետերերն են՝ կոմպրոմատների տեսքով, Արեւմուտքն ու Ռուսաստանը: Հստակ չէ, թե ով ինչ տոկոս է տնօրինում: Այդ մասին կարելի է դատել կայացվող որոշումների «վեկտորից» եւ տրամաբանությունից: Բայց երեւի թե ակնհայտ է, որ հսկիչ փաթեթի, այսինքն երկու/երրորդի մասին խոսք չկա, ավելի ճիշտ խոսքն սկսել է գնալ հենց դրա մասին: Ռուսաստանը ձգտում է լուծել հսկիչ փաթեթի հարցը, Արեւմուտքը ձգտում է թույլ չտալ բաժնեմասի առկա ստատուս-քվոյի խախտում, որպես նվազագույն խնդիր:

 

Այն, որ Հայաստանի իշխանական համակարգը երկիրը հանել է միջազգային վաճառքի, հանուն իր վարչարական իրավունքի երաշխավորման, ուղղակի բաց տեքստով վկայեց մարդ, որը Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար էր, իսկ այժմ էլ պատգամավոր, ու ըստ մամուլի տեղեկությունների պատրաստվում է դառնալ նաեւ Եվրասիական միության հայաստանյան կառույցի ղեկավար՝ Կարեն Կարապետյանը: Նա իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, թե 90 միլիոն դոլարով Հայաստանում կարելի է ցանկացած պաշտոն գնել: Պաշտոնական Երեւանից եւ նժդեհական ՀՀԿ-ից նրան ոչ ոք չառարկեց, կարծես նա ոչ թե ինքնիշխանության լիկվիդայնության մասին էր խոսել, այլ բանվորներին «համբալ» ու լրագրողներին «կազյոլ» էր անվանել:

 

Հայաստանի պետական պաշտոնների վաճառքի հնարավորության մասին նրա հայտարարությանն այդ պաշտոնները զբաղեցնողներից որեւէ մեկը առարկություն չներկայացրեց, երեւի առեւտրային արտոնագրից չզրկվելու համար, կամ ընդամենն ընդունելով տեղեկությունն ու գինն ի գիտություն: 

 

 

ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ