Թել Ավիվը առաջին իսրայելական քաղաքն է, որտեղ բացվել է Երկրորդ աշխարհամարտի տարիներին նացիստական Հոլոքոստի միասեռական զոհերին նվիրված հուշարձան: Այս մասին հայտնում է BBC-ին:
Քաղաքի կենտրոնում կանգնեցված հուշարձանն իրենից ներկայացնում է վարդագույն եռանկյունի. Նմանատիպ նշաններով էին տարբերում նացիստական ճամբարներում պահվող միասեռականները: Հուշարձանի վրա անգլերենով, եբրայերենով և գերմաներենով գրված է. «Ի հիշատակ նրանց, ովքեր նացիստական ռեժիմի կողմից բռնության են ենթարկվել իրենց սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության պատճառով»:
Տարբեր տվյալներով, նացիստները սպանել են հինգից տասնհինգ հազար միասեռականների: Սա առաջին Հոլոքոստի զոհերին նվիրված հուշարձանն է Իսրայելում, որը նվիրված է ոչ միայն հրեաներին, այլ նաև այլ ազգի միասեռական զոհերին:
«Բացի հրեաներից, նացիստների կողմից վայրագ վերաբերմունքի արժանացան նաև նրանք, ովքեր, իրենց կարծիքով, «նորմալ» չէին», - ասաց Թել Ավիվի քաղաքապետ Ռոն Հուլդաին:
«Այս հուշարձանը հիշեցնում է մեզ, թե որքան կարևոր է հարգանքը յուրաքանչյուր մարդու կարծիքի և որոշման նկատմամբ», - ավելացրել է նա:
Ավելի վաղ, նմանատիպ հուշարձաններ կանգնեցվել են Ամստերդամում, Բեռլինում, Սան-Ֆրանցիսկոյում եւ Սիդնեյում: