ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել այս տարվա առաջին գործակարգավարական խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարն ամփոփել է նախորդ տարվա հիմնական արդյունքները' նշելով, որ 2013 թվականին կրթության և գիտության ոլորտում իրականացվել է մեծածավալ աշխատանք:
«Իրականացվող աշխատանքը մշտական բնույթ պետք է կրի: Համոզված եմ, որ դրա համար թե որակի, և թե աճի հնարավորություն կա: Հասարակությունը մեզնից ակնկալում է խնդիրների ավելի արագ լուծում, և նախարարությունն իրավամբ ունի այն պոտենցիալը, որ ավելի արդյունավետ բավարարի մեր բնակչության ակնկալիքները: Այո, խնդիրները շատ են, սակայն մենք պարտավոր ենք' նախ լուծել այս պահին լուծվող խնդիրները, սկսել լուծել այս պահին չլուծվող խնդիրները և չստեղծել նոր խնդիրներ»,-նշել է նախարարը' ընդգծելով, որ ընթացիկ տարում նախարարությունն ունի ներքին և արտաքին կարևորության բազմաթիվ միջոցառումներ:
«Պետք է ուշադրության կենտրոնում պահել ՀՀ կառավարության հաստատած գերակա խնդիրների և միջոցառումների ցանկը' հենց այսօրվանից աշխատելով այդ ուղղությամբ: Ցանկանում եմ նշել, որ նախորդ տարվա աշխատանքները հիմնականում համապատասխանել են մեր կողմից դրված խնդիրներին: Ցանկանում եմ շեշտել, որ 2013 թվականին համապատասխան կառույցների' նախարարությունում կատարված ստուգումների արդյունքների ամփոփումից հետո կլինեն կարգապահական և կազմակերպչական մի շարք միջոցառումներ: Մի կողմից ուրախությամբ պետք է նշել, որ նախարարության աշխատակիցների կողմից աղաղակող բաղթողումներ չեն գրանցվել, սակայն կան հարցեր, որոնք ավելի կազմակերպչական և բովանդակային բնույթի էին, և մենք ինքներս պետք է տեսնեինք մեր աշխատանքի բացթողումները: Ֆինանսական բացթողումների բացակայությունն այլևս ինձ չի ուրախացնում. այդպես էլ պետք է լինի:
Մեր հաջորդ քայլն է' կազմակերպչական և բովանդակային աշխատանքների բնույթը դարձնել հենց ինքնագնահատման առարկա' պլանավորումից մինչև մոնիթորինգ: Այն ձևակերպումը, որ տարիներ շարունակ այդպես ենք արել, այլևս արդարացում չէ և իներցիոն բնույթը չի կարող արդարացվել, այսպես կոչված, ավանդույթներով»,-նշել է Ա. Աշոտյանը' հավելելով, որ ընթացիկ տարում նախատեսված են միջազգային մի շարք խոշոր միջոցառումներ' Բոլոնիայի քարտուղարության, ինչպես նաև հաջորդ տարի նախատեսված նախարարական գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքերի շրջանակում: