Կոմունալ ծախսերը հոգալու համար բնակչությանը խնայողություններ անելու խորհուրդ տված ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանին Հայաստանի քաղաքական ուժերից «Բարգավաճ Հայաստանը» ներկայացնող Վահան Բաբայանը Tert.am-ի հետ զրույցում պարզ թվաբանական խնդիր առաջադրեց. «Ինչպե՞ս 40.000 դրամ աշխատավարձ ստացող մարդը խնայի 80 000 դրամ՝ կոմունալ ծախսերը հոգալու համար»: «Հին տեխնոլոգիա», «սրբապղծություն». խորհուրդն այսպես որակեցին մի շարք այլ գործիչներ։

 

Հիշեցնենք, որ ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն կոմունալ ծախսերով բազմաթիվ մտահոգ մարդկանց մասին ավելի վաղ Yerkir.am–ի հետ զրույցում ասել էր.«Պիտի մի քիչ կարողանան էկոնոմիա անել»։

 

ԲՀԿ–ական Վահան Բաբայանը Tert.am-ի հետ զրույցում ասաց. «Ասեմ նաև, որ նման խորհուրդ տալու համար իշխանությունն ինքը պետք է խնայող լինի, սակայն ուզում եմ հարցնել՝ պետական բյուջեի քննարկումից չերևա՞ց, որ իշխանությունն իրենց վերաբերող ծախսերի նկատմամբ այդքան էլ տնտեսող չէ»:

 

Վահան Բաբայանն իր խոսքն ամփոփեց հետևյալ հռետորական հարցադրմամբ. «Այդ ի՞նչ քաղաքական նոր տեխնոլոգիա է՝ ժողովրդին կոչեր անել, որ գնան, խնայողական ռեժիմով ապրեն»։

 

«Հիմնադիր խորհրդարանի» (Նախախորհրդարանի) անդամ Տիգրան Խզմալյանի գնահատմամբ՝ սա նոր տեխնոլոգիա չէ:

 

«Իմ սերնդակիցներից շատերը կհիշեն այս նույն տրամաբանությանը շատ նման մի խորհուրդ, որը հնչել է դեռևս այդ համակարգի հիմնադիր նախագահի՝ Լևոն Տեր-Պետրոսյանի շուրթերից՝ 90–ականների սկզբին, երբ խորհուրդ էր տալիս տնտեսել և պարտք վերցնել հարևաններից»,- Tert.am –ին ասաց Տիգրան Խզմալյանը:

 

«Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ, տնտեսագետ Զոյա Թադևոսյանն այս համեմատությունը սրբապղծություն է համարում:

 

«Որովհետև պատերազմող երկրի վիճակը և այսօրվա վիճակը, երբ ունենք միլիարդատեր նախագահներ,և ամբողջ քաղաքական վերնախավը ցոփ ու շվայտ կյանք է վայելում, այ այստեղ նման խորհուրդներ տալը անբարոյականություն է»,– Tert.am–ի հետ զրույցում ասաց նա։

 

Իսկ կոնկրետ Գալուստ Սահակյանի «խորհրդի» մասով Զոյա Թադևոսյանն ասաց, որ կարելի է խնայել եղածը, բայց ոչ չեղածը:

 

«Եթե մարդիկ միջոցներ չունեն, ի՞նչը խնայեն, 40 տոկոս աղքատության պայմաններում, աղքատը ինչը՞ խնայի: Այդ հարցի պատասխանը Գալուստ Սահակյանը կարո՞ղ է տալ»,–հարցրեց նա։

 

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Tert.am–ի հետ զրույցում ասաց, որ այլևս չի զարմանում որևէ նման հայտարարությունից, բայց և զգուշացրեց, որ այս վիճակն այլևս անհանդուրժելի է:

 

«Այսինքն ՝ մարդիկ տանը, ունենալով փոքր երեխաներ, ծերեր, սառեն, հիվանդանան, հաց չուտեն, ինչ է թե այս իշխանությունն իր վարած խայտառակ քաղաքականությամբ Հայաստանի քաղաքացուն հասցրել է հուսահատության,-ասաց Նաիրա Զոհրաբյանն ու ինքն էլ խորհուրդ տվեց,–մի հատ գնացեք իրենց տները, տեսե՛ք իրենք է՞լ այդքան ժուժկալ ապրելակերպով են ապրում, որ մարդկանց կոչ են անում խնայել, չօգտագործել գազ, որովհետև դրա դիմաց չեն կարողանալու վճարել»:

 

Նաիրա Զոհրաբյանն այսօր առավոտյան կատարել է կոմունալ վճարումներ, և այն հաշիվները, որ եկել էին, անակնկալ են եղել իր՝ համեմատաբար բարձր աշխատավարձ ստացող անձի համար:

 

«Կրկնապատիկը նախորդ ամիսների համեմատությամբ... և ես պատկերացնում եմ, թե այսօր ինչ վիճակում է Հայաստանի այն քաղաքացին, ով ստանում է 50-60 հազար դրամ աշխատավարձ: Եվ պետք է տեսնել, թե ինչպես էին մարդիկ այլայլված կանգնած՝ վերցնելով եկած գումարների հաշիվները: Որևէ մեկը չէր վճարում, որովհետև չէին կարողանում վճարել: Կամ ասում էին՝ գոնե թողեք մաս-մաս վճարենք»,-ներկայացրեց Նաիրա Զոհրաբյանը:

 

Գյումրու ավագանու անդամ, հասարակական գործիչ Լևոն Բարսեղյանն էլ Tert.am–ի հետ զրույցում հրաժարվեց Գալուստ Սահակյանի որևէ մտքի վերաբերյալ որևէ մեկնաբանություն տալուց՝ ասելով. «Իմ արժանապատվությունը նվաստացնում է Գալուստ Սահակյանի մտքերի մեկնաբանությունը»: