ՊՆ Վարդենիսի զինվորական հոսպիտալից երկկողմանի թոքաբորբ ախտորոշմամբ և մարմնական վնասվածքներով ՀՀ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխված ժամկետային զինծառայող Մհեր Խլղաթյանին մարմնական վնասվածքներ հասցնելու կասկածանքով ձերբակալվել են նույն զորամասի ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վահե Արմենի Օհանյանը և նույն զորամասի բուժծառայության պետ, կապիտան Արման Դավիթի Թադևոսյանը:

 

«Նրանք ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 358 պրիմ 1 հոդվածի, 3-րդ մասի, 1-ին կետով նախատեսված հանցանքը կատարելու կասկածանքով' «մի խումբ անձանց կողմից զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու կամ այլ վայրում ստորադասին (ենթակային) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը»,- Tert.am–ին ասաց Պաշտպանության նախարարության քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը:

 

Հիշեցնենք, փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 376 հոդ, 2-րդ (պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 358.1 հոդ. 2-րդ (զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելը) մասերով։