Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, այսօր սկսվեց երկու դրվագով խարդախության գործով դատաքննությունը:
Ըստ մեղադրանքի՝ Հայկ Վարդանյանը խարդախության եղանակով հափշտակություն կատարելու դիտավորությամբ Արիստակես Քալաշյանին վստահեցրել է, որ ՀՀ ԱԱԾ համակարգում աշխատող իր ծանոթ բարձրաստիճան պաշտոնյաններին կաշառք տալու միջոցով նրան աշխատանքի կտեղավորի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի «Զվարթնոց» հսկիչ-անցագրային կետում: Մինչդեռ իրականում մտադրություն չունենալով կատարել խոստացածը՝ նշված պատրվակով Արիստակես Քալաշյանից պահանջել և 2013թ. հունիսի 20-ին ստացել է 1.231.230 ՀՀ դրամին համարժեք 3.000 ԱՄՆ գումար: Այս դրվագով նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով:
Եվս մեկ դրվագով նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն: Ըստ այդմ, նրան առաջադրված մեղադրանքի համաձայն՝ 2013թ. հունիսի սկզբին Հայկ Վարդանյանը Գագիկ Աբրահամյանին խոստացել է 27 հազար եվրո գումարի դիմաց կազմակերպել Հնդկաստանի 7 և Նեպալի 2 քաղաքացիների կողմից շենգենյան երկրներ մուտքի արտոնագրեր ստանալը և դրանցով ՀՀ-ից Եվրոպա մեկնումը՝ իրականում նպատակ ունենալով հափշտակել նշված գումարը:
«Իր հանցավոր նպատակին հասնելու համար Գ.Աբրահամյանի, նշած անձանց մոտ Եվրոպա մեկնելու պատրանք ստեղծելու, վստահություն ներշնչելու արդյունքում 27 հազար եվրո գումարին տիրանալու նպատակով քննության չպարզած հանգամանքներում 2013թ. հունիսի 4-14-ն ընկած ժամանակահատվածում հիշյալ օտարերկրյա քաղաքացիների անվամբ ձեռք է բերել Լատվիայի մուտք կեղծ արտոնագրերը, որոնք 2013թ. հունիսի 14-ին ներկայացրել է նրանց: Հաջորդ օրը Գ.Աբրահամյանից ստացել և հափշտակել է Նեպալի ու Հնդկաստանի հիշյալ 9 քաղաքացիներին պատկանող 14 864 040 ՀՀ դրամին համարժեք 27 հազար եվրո գումարը:
Ամբաստանյալը դատարանում հայտարարեց, որ իրեն մեղավոր է ճանաչում մասնակիորեն, միայն ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով առաջադրված մեղադրանքում: Միաժամանակ նա նշեց, որ այդ մասով քննչական մարմնի կողմից թույլ են տրվել բացթողումներ. հակառակ իր պահանջներին՝ չեն կատարվել ինչ-ինչ քննչական գործողություններ:
Ըստ ամբաստանյալի հայտարարության՝ ինքն ունի 4 դատվածություն, որից մեկը՝ չմարված:
(Վերջին դատվածությունն ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալու գործով է. Դատարանը հաստատված է համարել մեղադրանքն առ այն, որ Հայկ Վարդանյանը 22.05.2011թ Վ. Վարտանյանին Հոլանդիա մեկնելու համար 8000 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց խոստացել է ձեռք բերել Հոլանդիայի ավիատոմս, սակայն այն չկարողանալով ձեռք բերել՝ Հանրապետության հրապարակի քարտոֆոնից զանգահարել է օդանավակայան և հայտնել, որ ինքնաթիռում ռումբ կա: Նա դատապարտվել էր ազատազրկման 1 տարի 6 ամիս ժամկետով: )
Մինչ դատաքննությունն սկսվելն ամբաստանյալի պաշտպաններ Արտավազդ Փարսադանյանն ու Արթուր Ղարիբյանը հանդես եկան միջնորդությամբ՝ խնդրելով իրենց պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանավորում, փոխարինել գրավով:
Ըստ պաշտպանական կողմի՝ իրենց պաշտպանյալը տառապում է կուրությամբ՝ աջ աչքն ունի ցածր տեսողություն, իսկ ձախ աչքի տեսողությունը բացակայում է, հիվանդությունն անբուժելի է և մտնում է պատժի կրմանը խոչընդոտող հիվանդությունների՝ կառավարության սահմանած ցանկի մեջ: Դատաբժշկական փորձաքննության եզրակացության հիման վրա նա նախկինում ազատվել է պատժի չկրած մասը կրելուց և դատարանի որոշմամբ՝ նրա որդին հաստատվել է որպես նրա օգնական:
Ի դեպ, ամբաստանյալը դատարանի դահլիճ էր մտնում ոստիկաններին թևանցուկ արած:
Մեղադրող, ՀՀ գլխավոր դատախազության ԱԱԾ-ի կողմից քննվող ու կիբերհանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ Արմեն Փանոսյանն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ պատժի կրումից ազատվելուց հետո ամբաստանյալը նորից դատապարտվել ու կրել է ազատազրկման ձևով պատիժ:
Մեղադրողը նշեց նաև, որ գործով կա անջատված մաս՝ հանցագործությանն այլ անձանց մասնակցության վերաբերյալ և այդ մասով նախաքննությունը շարունակվում է:
Դատարանը մերժեց միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառաբանությամբ:
Փետրվարի 4-ի դատական նիստում կշարունակվի դատաքննությունը: Դատարանի սահմանած ապացույցների հետազոտման կարգի համաձայն՝ նախ կհարցաքննվեն տուժողները, վկաները, կհետազոտվեն գործի գրավոր ապացույցները, ապա կհարցաքննվի ամբաստանյալը: