«Մենք» երիտասարդական շարժման փոխնախագահ Սևան Աղաջանյանն այսօր հայտարարություն է տարածել այն մասին, որ վերջերս ՀՀ է ներխուժել ինչ որ կազմակերպություն,որի կարգախոսն է' «եթե մահանում ենք, ապա մահանում ենք բոլորով»: Վերոնշյալ կազմակերպության անդամները, զինված ՁԻԱՀ-ով վարակված ասեղներով, շրջում են մարդաշատ վայրերում և ծակելով մարդկանց' վարակում ՁԻԱՀ-ով:
Հայտարարությունում, սակայն, Սևանը ոչ մի փաստ չի ներկայացնում ասվածի վերաբերյալ։ ТЕSADASHT.am-ը Սևանի հետ զրույցում հետաքրքրվեց, թե ինչով կարող է ապացուցել այս հայտարարությունը և արդյոք արդեն ունի փաստեր։ Ըստ նրա՝ իրենք ունեն ապացույցներ, որոնք պատկան մարմիններին կներկայացնեն առաջիկայում։ «Հայտարարությունը գրվել է կոնկրետ հիմքերի հիման վրա։ Չենք ուզում հանրության մեջ խուճապ առաջացնենք։ Երբ որ մեր փաստարկներն ավելի լիարժեք լինեն, մենք կդիմենք պատկան մարմիններին։ Վերջիններս, եթե ցանկանան, այս հարցով կզբաղվեն, նույն էլ լրատվամիջոցները՝ եթե ցանկանան, կզբաղվեն»,- ասաց Սևանը։
Իսկ հարցին, թե իրենք գիտեն կոնկրետ դեպք, որ ՁԻԱՀ-ով վարակված ասեղներով ծակել և վարակել են մարդկանց, նա պատասխանեց՝ այո, բայց հրաժարվեց անդրադառնալ այդ դեպքին կամ դեպքերին՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ չի ցանկանում խուճապ առաջացնել։
«Նոր մի կին էր ինձ զանգահարել ու ասում էր՝ դու իմ 15 տարեկան երեխային ահաբեկում ես ու սա առաջին դեպքը չէ։ Ինձ ասում է՝ դու ինչ-որ աղանդ ես բացահայտել և այլն։ Բայց ես աղանդ չեմ բացահայտել։ Ինձ ինչ-որ մարդկանց հետ է խառնում»,- ասաց Սևանը։
Սակայն, ի հակառակ սրան, Սևանը նաև նշեց, դեռ փորձում է բժիկներից ճշտել՝ հնարավոր է ՁԻԱՀ-ով վարակված ասեղով ծակելով վարակը փոխանցել արյան մեջ։ «Կոնկրետ ինֆորմացիան կա, որ նման դեպք տեղի ունեցել է, և նման գործողություններ հիմա տեղի են ունենում։ Կոնկրետ իմ իմանալով՝ մարդ վարակվում է վերոնշյալ եղանակով։ Մեր ռուսաստանյան գործընկերներին ենք զանգել և իմացել, որ իրենց մոտ տեղի են ունենում նման դեպքեր։ Նաև Կանադա ենք զանգահարել և իմացել, որ այնտեղ էլ են տեղի ունեցել, կինոթատրոններում նստարանների մեջ ասեղներ են դրել, որպեսզի վարակվեն»,- հավելեց Սևանը։
Նշենք, որ NEWS.am-ի հետ զրույցում ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի Կանխարգելման բաժնի ղեկավար Ժանետա Պետրոսյանը նշել է, որ ՁԻԱՀ-ով վարակված ասեղներով մարդկանց ծակելու և վարակելու մասին հայտարարությունը անհեթեթություն է, հատկապես, որ հայտարարությունում հստակ ոչինչ չի նշվում և կան տարրական սխալներ. «ՁԻԱՀ-ով չեն կարող վարակել, դա հիվանդության վերջնային փուլն է, վարակվել հնարավոր է ՄԻԱՎ-ով՝ մարդու իմունային անբավարարության վիրուսով: Մյուս կողմից էլ՝ ասեղով վարակելը գործնականում անհնարին է, քանի որ վիրուսը շատ անկայուն է, կենդանի բջջից դուրս՝ միջավայրում, շատ արագ ոչնչանում է»,- ասել է Ժանետա Պետրոսյանը: