«Չեմ կարծում, որ ԱԳ նախարարի տեղակալը ամսի 3-ին հայտարարել է, որ հնարավոր չէ… չեմ կարծում, որ այդպիսի բան եղել է: Ես վստահ եմ, որ ամսի 3-ին այդպիսի բան ասվել է, եւ որեւէ բան գաղտնի չի պահվել»,- այսօր հրավիրված մամլո ասուլիսում պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ էր Հայաստանը գաղտնի պահում Մաքսային միությանն անդամակցելու փաստը, եւ ավելին, սեպտեմբերի 3-ի հայտնի որոշումից օրեր առաջ նույն ԱԳ փոխնախարարը հայտարարում էր՝ հնարավոր չէ, որ Հայաստանը ՄՄ-ին անդամակցելու որոշում կայացնի, ասաց Էդվարդ Նալբանդյանը:
«Այն ժամանակ, երբ որ այդ որոշումները հասունացան եւ հասունացան այն մակարդակի, որ այդպիսի անդամակցություն հնարավոր է եւ կարելի է համապատասխան գործընթաց սկսել, արվեց համապատասխան հայտարարություն Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների կողմից: Դա չէր նշանակում դեռ անդամակցություն, դա նշանակում էր, որ Հայաստանը առաջին անգամ պաշտոնապես հայտարարեց, որ ինքը որոշում է ընդունել մտնել ՄՄ»,- շարունակեց ԱԳ նախարարը: Ըստ Է. Նալբանդյանի՝ Հայաստանը բազմիցս է արտահայտվել, որ ինքը ցանկություն ունի անդամակցել Մաքսային միությանը: «Եթե դուք ուշադիր լինեք եւ նայեք սայթերում ՀՀ նախագահի հարցազրույցները, հայտարարությունները, ապա կտեսնեք՝ երբ որ իրեն հարցրել են՝ արդյոք Հայաստանը ցանկանում է լինել ՄՄ անդամ, ՀՀ նախագահը ասել էր՝ այո՝ մի քանի անգամ»: Ըստ Էդվարդ Նալբանդյանի ՝ուղղակի նախկինում Հայաստանը հրավիրված չէր, որովհետեւ մասնագիտական առումով բազմաթիվ հարցեր հստակեցված չէին:
«Երբ որ դա հասունացավ, որեւէ մեկը գաղտնիք չի պահել, վստահ եղեք»- ասաց նա:
Սակայն հարկ ենք համարում հիշեցնել, որ մինչև սեպտեմբերի 3-ը ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել էր, թե Մաքսային միությունը սահմանափակում է Հայաստանի ինքնիշխանությունը: Նա թվարկել էր նաեւ մի քանի պատճառներ, որոնք անհնար են դարձնում Հայաստանի անդամակցությունն այդ միությանը: