Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, «Հարսնաքար» ռեստորանային համալիրում 2012թ. հունիսի 17-ի բռնարարքի գործով այսօրվա նիստում վերջին պաշտպանական ճառերով հանդես եկան ամբաստանյալ Արման Խաչատրյանն ու նրա պաշտպան Ավագ Լալայանը:

 

Ըստ պաշտպանի՝ գործի քննությամբ չի հաստատվել իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքն, ըստ որի՝ ամբաստանյալներ Գարիկ Մարգարյանը,Դավիթ Ադամյանը, Արթուր Բաբլոյանը, Արման Բաղդասարյանը, Արման Խաչատրյանն ու Նորայր Հայրապետյանը ծեծի են ենթարկել տուժողներ Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին' Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը, Արտակ Բայադյանի և Գարիկ Սողոմոնյանի առողջությանը' միջին ծանրության վնաս' առողջության տևական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:

 

Ըստ Ավագ Լալայանի՝ իր պաշտպանյալը որևէ մեկին չի հարվածել ու մարմնական վնասվածք չի պատճառել, որևէ կերպ չի հիմնավորվել նաև, թե ինչ գործողություններով է իր պաշտպանյալը լրացրել միասնական դիտավորությամբ գործողությունները: Ըստ նրա՝ մեղադրանքը մտացածին է, հիմնված ենթադրությունների վրա, ուստի՝ պաշտպանը միջնորդեց Արման Խաչատրյանին անմեղ ճանաչել ու կայացնել արդարացման դատավճիռ: Արման Խաչատրյանն իր հերթին նշեց, որ ի սկզբանե իրեն անհասկանալի է եղել մեղադրանքը՝ «ո՞ւմ գործողություններն եմ լրացրել և ինչպե՞ս»:

 

Ըստ նրա՝ արհեստական հակասությունների վրա է հիմնված մեղադրող Արմեն Մարուխյանի եզրահանգումն առ այն, որ ոչ արժանահավատ են Նորայր Հայրապետյանի, Արթուր Բաբլոյանի և Գարիկ Մարգարյանի ցուցմունքները. նրանք, ինչպես հայտնի է, անհատականացրել էին իրենց գործողությունները՝ յուրաքանչուրն ստանձնելով մեկ տուժողի վնասվածքներ պատճառելու պատասխանատվությունը: Ամբաստանյալը հայտարարեց, որ ինքը չի ընդունում մեղադրանքը և խնդրեց դատարանին արդարացի դատավճիռ կայացնել: Հունվարի 31-ի դատական նիստում դատարանը հնարավորություն կտա տուժող կողմի ներկայացուցիչներին օգտվել ռեպլիկի իրենց իրավունքից: 

 

 


«Փաստինֆո»