Թեև անազատության մեջ գտնվող «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի ծննդյան տարեդարձը փետրվարի 3-ին է, սակայն փետրվարի 2-ին Ազատության հրապարակում խորհրդանշական կերպով կնշվի նրա ծննդյան տարեդարձը: Tert.am-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Շանթ Հարությունյանի կինը՝ Ռուզաննա Բադալյանը:

 

«Կնշենք Շանթի և Հայաստանի մյուս քաղբանտարկյալների ծննդյան տարեդարձը: Միջոցառումը կսկսվի ժամը 13-ին, որի ընթացքում կհնչի նաև Շանթ Հարությունյանի ուղերձը, որը նոր բան կլինի: Դա արդեն Շանթը կորոշի»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանն իր աջակիցների հետ փորձել էր Երևանի Մաշտոցի պողոտայով շարժվել դեպի նախագահական նստավայր, որպեսզի, ինչպես ինքն էր ավելի վաղ հայտարարել, պայթեցնի այն։ Սակայն ոստիկանությունը թույլ չէր տվել նրանց՝ շարունակել երթը, տեղի էին ունեցել բախումներ, և ձերբակալվել էր ավելի քան 30 մարդ, այդ թվում՝ Շանթ Հարությունյանը։

 

Անդրադառնալով Շանթ Հարությունյանի ներկայիս ֆիզիկական ու հոգեբանական վիճակին՝ Ռուզաննա Բադալյանը նշեց, որ տեսակցության արգելանքը հանելուց հետո երկու անգամ արդեն տեսակցել է ամուսնուն: Վերջին անգամ Շանթին հարազատները տեսել են հունվարի 20-ին:
«Օրենքով տեսակցություններ թույլատրված են ամիսը երկու անգամ, և մենք երկու անգամ էլ տեսակցել ենք: Նա ֆիզիկապես շատ թույլ է դեռ, հյուծված, քանի որ ունի երիկամների խնդիր։ Որոշ ժամանակ հետո վստահ եմ, որ նրա առողջական վիճակը կվերականգնվի, բայց կարևորը հոգեպես շատ ամուր է ու անզիջում: Նա չի զղջում իր արածների համար, շարունակում է մտածել այնպե ինչպես մտածում էր մինչև բանտարկությունը: Նրա համոզմունքները չեն փոխվել»,-նշեց Շանթի կինը:

 

Ռուզաննա Բադալյանն ընդգծեց, որ Շանթ Հարությունյանը շարունակում է մնալ այն համոզմանը, որ միայն հեղափոխության միջոցով Հայաստանը կկարողանա դուրս գալ ստեղծված իրավիճակից:
«Նա վստահ է՝ եթե 3000-5000 հոգի, ամուր տղամարդիկ դուրս գան փողոց՝ գիտակցելով, թե ինչ քայլի են գնում, Հայաստանում իշխանությունը թղթե տնակի պես կփլվի: Այս երեք ամիսների ընթացքում նրա բանտարկությունը, հացադուլը, մեկուսացումը ոչ մի կերպ չեն ազդել նրա գաղափարների վրա և չեն սասանել նրա համոզմունքները»,-ընդգծեց նա:

 

Հարցին, թե արդյո՞ք Շանթ Հարությունյանը երկրում տեղի ունեցող իրադարձություններին հետևելու հնարավորություն ունի և ի՞նչ է մտածում վերջին շրջանում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման դեմ տարվող պայքարի մասին, Ռուզաննա Բադալյանը պատասխանեց.
«Որոշ չափով կարողանում է հետևել, բայց՝ ո´չ ամբողջությամբ, քանի որ ինտերնետ չկա, հեռախոս թույլատրվում է օգտագործել միայն մեզ հետ զրուցելու համար և՝ կարճ ժամանակով, բայց հեռուստացույց և ռադիո կա: Կոնկրետ այդ հանրահավաքի մասին չենք խոսել, բայց նա այն կարծիքին է, որ ով ինչի համար դժգոհ է, պետք է դուրս գա փողոց ու պայքարի դրա համար, կարևոր չէ՝ կուտակայինի՞, գազի թանկացամա՞ն, թե՞ մեկ այլ բանի: Պետք չէ տանը նստած՝ չբողոքել, պետք է դուրս գալ՝ պայաքարելու հանուն սեփական իրավունքների»,-ասաց նա և ընդգծեց, որ Շանթ Հարությունյանն ուզում է Հայաստանում ձևավորված քաղաքացիական հասարակություն տեսնել, որն այլևս վախի մթնոլորտում չի ապրում:

 

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը):