Ապարանի գյուղերում կոմունալ վարձերի խնդիրը համատարած չէ, որովհետև տարածաշրջանի գյուղերի միայն 4 տոկոսն է տան ջեռուցման համար օգտվում բնական գազից:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Լյովա Խաչատրյանը, ով գազի կալորիականության մասին իր հանրահայտ հարցից հետո փորձարկում է իրականացրել. ինքը՝ Ապարանում և իր բարեկամը՝ Մոսկվայում միաժամանակ մեկ լիտր սուրճ են դրել գազին, և Ապարանում այն մոտ երկու անգամ ուշ է եռացել:
«Մերոնք արդեն վաղուց են անցել աթարի, գազ օգտագործում են շատ մեծ անհրաժեշտության դեպքում, 100 բաժանորդից մի 10 ընտանիքն է օգտվում կամ՝ «դաչնիկները», որ տները չփչանան»,-ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:
Հիշեցնենք, որ գազի և հոսանքի կոմունալ վարձերը տհաճ անակնկալ էին մատուցել ՀՀ քաղաքացիներին, որոնք համատարած դժգոհում էին ինչպես վարձերի չափից, այնպես էլ՝ գազի կալորիականությունից:
«Բոլորը բողոքում են, բայց դրանից որևէ բան չի փոխվում: Ռուսն ասում է ՝ под лежачий камень вода не течет...», -ամփոփեց Լյովա Խաչատրյանը և հավելեց.«Հոսա՞նքը խի ա թանկացել, ես չեմ հասկանում, ի՞նչ կապ ուներ հոսանքը գազի հետ»:
Ի պատասխան մեր դիտարկմանը , թե հոսանքը մտնում է գազի ստացման ինքնարժեքի մեջ, Լյովա Խաչատրյանը պատասխանեց.«Այն հզորությունները, որ մենք սպառում ենք, ամբողջությամբ առանց գազի են արտադրվում: Հիդրոէլեկտրակայանները և ատոմակայանի արտադրած հոսանքը Հայաստանի պահանջները լրիվ բավարարում են: Առավել ևս, որ Երևանի ՋԷԿ-ը հիմնականում աշխատում է պարսկական գազով, իսկ Հրազդանի ՋԷԿ-ը մեզ անհրաժեշտ է միայն այն ժամանակ, երբ ատոմակայանը կանգնում է: Այդ երկուսն են գազով աշխատում, որը կազմում է մեր հզորությունների մոտ 30-40 տոկոսը, իսկ մնացած 60-ը, որը գազով չի աշխատում, մեզ լրիվ բավարար է»:
ԲՀԿ-ական պատգամավորը վերը նշվածի համատեսքստում հավելեց, որ Արտագաղթը Ապարանի տարածարշրջանում ահագնացող տեմպերի հասնում. միայն վերջին շաբաթվա ընթացքում տասը հոգի միայն իրենց գյուղց է մեկնել:
«Ով կարողանում է, գնում է, ով տեղ է ճարում աշխատելու, գնում է»,-ասաց նա: